Եղել են դեպքեր, երբ մարզային կառույցների որոշ աշխատակիցներ նկատողություն են ստացել. փոխնախարարը՝ գյուղատնտեսական շուկայում վերավաճառողների առկայության մասին

20:27 • 04.09.17

Գյուղատնտեսական շուկաներում նաև վերավաճառողներ են հայտնվում: Tert.am-ի հետ զրույցում  այս մասին ահազանգեցին որոշ գյուղացիներ, որոնք չցանկացան ներկայանալ՝ պատճառաբանելով, թե իրենք դեռևս չեն կորցրել իրենց ապրանքը գյուղատնտեսական շուկաներում վաճառելու հնարավորությունը: Շուկայում նման խնդրի առկայությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաև Երևանի Կասյան փողոցի վրա գտնվող գյուղատնտեսական շուկայում իր ապրանքն իրացնող Արարատի մարզի Արբաթ Գյուղի բնակիչ Արտակ Ստեփանյանը՝ նշելով, որ նման խնդիր կա, սակայն այն այնքան խճճված է, որ լուծումը չի երևում:

«Այս խնդիրը երկրի վիճակից է, համակարգային է, դա մի մարդու փոխելով չի լուծվի: Լրագրողները, որ գալիս են այստեղ, մի տեսակ ամեն ինչ կարգին է լինում, բայց իրականությունն այլ է:  Վերավաճառողներ կան, բայց նաև սուտ է երևանցիների այն տեսակետը, որ 90 տոկոսը վերավաճառող է, հավատացեք՝ ճիշտ չէ»,- ասաց նա:

Ստեփանյանը չբացառեց, որ համապատասխան պատկան մարմինները չեն տիրապետում իրավիճակին, քանի որ ամեն բան իրենց վերահսկողության ներքո չէ:

«Կասյանի փողոցի պուլպուլակի մոտ մարդիկ կան, գալիս են մի 15 հոգու տեղ փռում, ծախում են, իսկ գյուղացին կարող է ինքը ծիրանն է աճեցնում, բայց կողքից էլ մի քանի կիլո դեղձ է բերել վաճառում, չեն թողնում: Այսինքն՝ մեկի աչքի գերանը չեն տեսնում, մյուսի աչքի փուշը տեսնում են: Երեկ չէ առաջին օրը քաղաքապետարանից եկան, իբրև, մաքրելու: Բայց մի խնդիր էլ կա, շատ անգամ գյուղացին կարող է մինչ այս համապատասխան մարմիններին չի դիմում, ապրանքը վերցնում է, գալիս ու տեղ ուզում: Բայց նաև սուտ տեղը ձենը գլուխը գցողներ էլ են հայտնվում, թե մենք գյուղացի ենք, բայց իրականում սուտ է, ապրանք է առել ու բերում է, ուզում է վաճառի»,- պատմեց Ստեփանյանը:

Վերջինս կասկածում է, որ այստեղ ապրանք վաճառողների մի մասի տեղեկանքը, թե իրենք հենց բերքն արտադրողն են, կեղծ է. «Մարդիկ կան իրենց կյանքում տերև չեն տեսել, բայց այստեղ են: Պատճառն այն, որ  տեղեկանք տվող գյուղապետն էլ կարող է կեղծել, որովհետև, օրինակ՝ ընտրություններին այդ մարդն իրեն օգնել է»,- ընդգծեց Արտակ Ստեփանյանը:

Tert.am-ը խնդրի հետ կապված խոսեց նաև ՀՀ Գյուղատնտեսության փոխնախարարի հետ: Նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը պարզաբանեց, թե իրենք բազմիցս են նման խոսակցություններ լսում, բայց, ի վերջո, իրենց որևէ մեկին մատնացույց չեն անում: Նա հորդորեց մարդկանց նման խնդիրների բախվելիս դիմել նախարարություն:  

«Օրվա ընթացքում լինում են մարդիկ, ովքեր առանց տեղեկանքի կամ նույն վերավաճառողները փորձում են մտնել շուկա ու վաճառել, սակայն ադմինիստրացիայի աշխատակիցները նման մարդկանց դուրս են հրավիրում շուկայի տարածքից: Օրինակ՝ անցած շաբաթ մի 7-8 վերավաճառող կար շուկայում, շուկայի մայթին փորձել էին վաճառք իրականացնել, բայց ես խնդրել եմ փոխքաղաքապետին, որ համապատասխան մարդկանց միջոցով կասեցնեն այդ մարդկանց առևտուրը: Նման դեպքեր հաճախ լինում են, երբ մեծ ծավալներով է լինում, փորձում են իրենք էլ գալ ու վաճառել»,- ասաց Մակարյանը:

Նախարարի տեղակալը պարզաբանեց, որ Գյուղատնտեսական շուկաներին մասնակցելու հատուկ կարգ կա. «Մենք ունենք գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ, որն իրականացնում է նաև խորհրդատվական գործունեություն, ունենք մարզային կառույցներ նաև: Շաբաթվա սկզբին գյուղացիական տնտեսությունները դիմում են գյուղատնտեսական շուկային մասնակցելու համար, որից հետո խորհրդատուները ստուգում են՝ տվյալ գյուղացին տվյալ տեսակի ապրանք ունի, թե չէ: Նախապես հայտում ներկայացվում է, թե ինչ ու ինչքան է վաճառելու: Սրանից հետո տրվում է տեղեկանք, որը հավաստում է, որ դա գյուղացու բերքն է՝ ըստ տեսականու ու քանակների, հետո տրվում է տաղավարի համարը: Դրանից հետո շուկայի ադմինիստրացիան՝ համապատասխան տեղեկագրով ու անձնագրով, մարդուն իրավունք է տալիս վաճառել ապրանքը»,- ներկայացրեց Մակարյանը:

Հարցին՝ բացառո՞ւմ է, որ մարզային կառույցները, որոնք ներկայացնում են գյուղատնտեսական շուկայի մասնակիցներին, կարող են կեղծել տվյալները, Մակարյանը պատասխանեց. «Մենք իրականացնում ենք ընտրանքային բազմաթիվ ստուգումներ: Նաև տեղեկանքում նշված բերքը պետք է համապատասխանի առկա հայտարարագրին: Եղել են դեպքեր, որոնք չեն համապատասխանել ու այդ ժամանակ այդ աշխատակիցները նկատողություն ստացել են՝ նման դեպքերը հետագայում բացառելու համար: Մենք միշտ մոնիտորինգ ենք իրականացնում»:

 

 

ՀեղինակԱնի Օհանյան