Մարդիկ պնդում են՝ «Նաիրիտ» գործարանի հրդեհից հետո ինքնազգացողությունները վատացել է. պատկան մարմինները հերքում են՝ ծխից թունավորվածներ չկան
«Նաիրիտ» գործարանի ծխից մարդիկ են թունավորվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ահազանգեցին մի քանի քաղաքացիներ՝ պնդելով, որ իրենց առողջական վիճակը վատթարացել է «Նաիրիտ» գործարանի հրդեհից հետո, երբ ծուխն իրենց տներն է լցվել:
Մեզ հետ զրույցում Շենգավիթ Համայնքի բնակիչ Կարինե Վարդանյանը (անունը փոխված է, քանի որ բուժումը դեռևս շարունակվում է-Tert.am) պատմեց, որ հրդեհի օրերին ծուխը նաև իրենց շենքերին էլ հասել, որից 2 օր հետո իր մոտ թուլություն է նկատվել:
«Ծուխը հասել էր մինչև մեր շենքի մոտ, 2 օր հետո սկսվեց ահավոր թուլություն, սրտխառնոց, ցածր ճնշում, ու ջերմություն: Գրիպի կամ այլ ինչ-որ հիվանդության նշան չկար, սակայն ջերմությունս շատ բարձրացավ: Կանչեցինք շտապօգնություն, եկան, ճնշումս չափեցին, սիրտս լսեցին, թոքերս ու ասեցին ռեգիդրոն խմեք, արյունը մաքրվի: Ես հարցրեցի, եթե դուք իմ արյունը չեք ստուգել, ախր ի՞նչ գիտեք՝ արյան խնդիր կա: Շտապօգնության այդ աղջիկն ասաց, որ օրը 100 կանչ էս նշաններով ունենում եմ, քաղաքում երևի ինչ-որ վիրուս է: Ասեցին ստորագրեք, որ հրաժարվել եք հոսպիտալացումից, ես ասեցի, որ չեմ հրաժարվում, ասեց չէ ստորագրեք, էդ նշաններով ոչ ոքի չեն հոսպիտալացնում»,- պատմեց նա:
Վերջինս նշեց, թե իրեն այդպես էլ չեն ասել, թե իր առողջական նման վիճակի հիմքն ինչ է, չեն ասել, որ ծխից թունավորվել է: Նույն պատկերն է նաև Էրեբունի համայնքի որոշ բնակիչների մոտ: Նրա համար կասկածելին այն է, որ «Նաիրիտ» գործարանի հրդեհի ծխից հետո են իրենք և իրենց հարազատները նույն ախտանիշներով խնդիրներ ունեցել:
«Ծուխը, որ տուն էր լցվել, այդ օրը շատ վատ էի զգում, գլխացավ, սրտախառնոց, բայց շտապօգնություն չկանչեցի՝ մտածելով, որ մրսածություն է: Հետո իմացա, որ իմ նման մեր հարևաններն էլ են եղել»,- ասաց Էրեբունի համայնքի բնակիչը:
Այս ամենի ֆոնին Շտապօգնության ծառայության ղեկավար Թագուհի Ստեփանյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, թե «Նաիրիտի» հրդեհի ժամանակ և հաջորդած օրերին, շտապօգնության կանչերն իրենց մոտ աճ չեն գրանցել:
«Մեր զանգերը շարունակել են մնալ 618, 630, 634: Այսօր արդեն 615, երեկ՝ 630, իրականում, նկատելի է, որ մեր կանչերը չեն ավելացնել՝ նույն սանդղակի վրա են: Մեր պարագայում աճի տեմպերը հասկանալն այլ է, քանի որ շաբաթ և կիրակի օրերին, որպես կանոն, մեր կանչերն ավելանում են: Սակայն մենք պետք է նայենք, ոչ թե մեր կանչերի ավելացմամբ, այլ կոնկրետ գանգատներով: Իսկ մենք թունավորման, ծխից թունավորման գանգատներ չենք ունեցել»,- պարզաբանեց Թագուհի Ստեփանյանը:
Ստեփանյանը շեշտեց, որ կոնկրետ իրենք չեն արձանագրել նման կանչեր,ավելին՝ «Նաիրիտ» գործարանի հարակից տարածքներից էլ կանչերի ավելացում չի եղել:
ՀՀ գլխավոր համաճարակաբան Արա Ասոյան էլ Tert.am-ի հետ զրույցում հերքեց, որ «Նաիրիտ» գործարանում բռնկված հրդեհից հետո թունավորվածներ են եղել: Նրա խոսքով՝ շարունակում են սննդային թունավորումներով մարդիկ գալ:
«Գալիս են ինչ-որ միրգ են կերել, մի բան էն կերել, որ թունավորվել են: Նույն թվերն են, որը նախորդ ամիսներին ու տարվա այս սեզոնին ունեցել են: Ինչ վերաբերում է այլ թունավորումների, ասում եմ ՝ նման խնդիր չկա: Եթե լիներ, ապա առաջինն ԱԻՆ աշխատակիցները մեզ մոտ պետք է գային, քանի որ իրենք հենց ծխի մեջ էին, բայց մենք նման դեպքեր էլ չունենք»,- ասաց Արա Ասոյանը:










