Հունաստանում իրաքցի ներգաղթյալ է ձերբակալվել, որը թրով սպառնացել է անցորդներին
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում ձերբակալվել է իրաքցի ներգաղթյալ, որը սպառնացել է անցորդներին ձեռքում եղած թրով, գրում է РИА Новости գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել Հնագիտական թանգարանի մուտքի մոտ: Թանգարանի անվտանգության աշխատակիցը, նկատելով զինված տղամարդուն, արագ տեղեկացրել է այդ մասին համապատասխան մարմիններին, ինչի արդյունքում 34-ամյա իրաքցին ձերբակալվել է:
Այժմ ոստիկանությունը փորձում է պարզել՝ արդյոք տեղի ունեցածն ունի «կրոնական» հիմքեր, թե հոգեկան խանգարման արդյունք է:
Ձերբակալված իրաքցին, որը վերջերս է ազատ արձակվել գողության ու թմրանյութեր օգտագործելու համար ազատազրկումից հետո, ոստիկաններին հայտնել է, որ ցանկացել է վախեցնել քաղաքացիներին:
Օրեր առաջ նույն թանգարանից քիչ հեռու գտնվող Կոլիաթսու հրապարակի մոտ ձերբակալվել է 4 բանգլադեշցի ներգաղթյալ, որոնք հրապարակում կանգնած՝ հսկել են մահմեդականների կողմից շարիաթի օրենքների հետևմանը:
Հունաստանի ոստիկանությունը նաև տեղեկություններ է ձեռք բերել այն մասին, որ մահմեդականների մի շարք հավաքատեղիներում քարոզների միջոցով միջկրոնական ատելություն են բորբոքում:










