Հայ դիպուկահարների դպրոցը Գևորգյանց եղբայրների աջակցությամբ նոր տեխնիկա է ձեռք բերել (տեսանյութ)
2010 թվականից գործող Հայաստանի Զինված ուժերի Հայ դիպուկահարների դպրոցը նոր, ժամանակակից տեխնիկա է ձեռք բերել՝ Գևորգյանց եղբայրների աջակցությամբ: Այսուհետ ապագա դիպուկահարները հնարավորություն կունենան օգտվել հողմաչափերից, տակտիկական ականջակալներից, դիտարկման և գնդակի արագության չափման սարքավորումներից:
Գևորգյանց եղբայրները վստահ են՝ բանակին թեկուզ փոքր օգնությունը ամեն հայ ինքն իր համար պետք է պարտադիր համարի:
«Յուրաքանչյուր հայ պետք է օգնի իր երկրին ու հայրենիքին: Եթե ամեն հայ իր աշխատանքից մի փոքր՝ 5 տոկոս, 10 տոկոս տա, տարբեր ոլորտներում ներդրում անի, ապա ես վստահ եմ, որ մեր Հայաստանը կծաղկի»,- ասաց կինոռեժիսոր Վահե Գևորգյանցը:
Արվեստագետների ընտանիքի՝ ՀՀ ԶՈւ-ին օգնելու գաղափարին աջակցել են նաև նրանց ընկերները: Վահե Գևորգյանցի կարծիքով՝ գործն ավելի արդյունավետ կլինի, եթե մյուսներ են անտարբեր չմնան: Նա կոչ է անում Սփյուռքում ապրող իր հայրենակիցներին աջակցել Հայաստանի զարգացմանը:
«Հարստության կամ օգնության չափն էական չէ, բանակին աջակցությունն էլ պարտադրված հարկ չէ: Հայկական Զինված ուժերին օգնելու գաղափարը պետք է լինի ամեն հայի մտքում»,- շեշտեց Գևորգյանցը:
Հայաստանի Զինված ուժերի Հայ դիպուկահարների դպրոց ընդունվելու համար նախնական գիտելիքները պարտադիր չեն, բայց ընդունելությունը կատարվում է ամենախիստ չափորոշիչներով: Սկզբում ծանոթանում են զենքերի տեսակներին ու նշանակությանը, որից հետո սկսվում է պարապմունքների բարդ ու հագեցած շրջանը:
Ի վերջո դիպուկահարի կոչում ստանում են միայն նրանք, ովքեր հաղթահարում են բոլոր ֆիզիկական ու հոգեբանական փորձությունները:










