Սամվել Բաբայանի գործով վկան փաստաթուղթ է բերել Մոսկվայից, իսկ կողմերին չի ճանաչում (տեսանյութ)
Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Իգլա»-ի գործով դատական նիստը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ:
Դատական նիստին մեղադրող դատախազը միջնորդություն ներկայացրեց տեսաձայնագրումն ու ձայնագրումն արգելելու վերաբերյալ:
Մեղադրողի միջնորդությունը բավարարվեց մասնակիորեն։ «Լրատվամիջոցներին հնարավորություն կտրվի տեսաձայնագրել հինգ րոպե, իսկ ձայնագրումը դատարանը չի սահմանափակի»,-ասաց դատավոր:
Այսօր դատական նիստին հարցաքննվեց գործով վկայի կարգավիճակ ունեցող Գառ Շաբոյանը, ում միջոցով փաստաթուղթ է ուղարկվել Մոսկվայից Երևան:
Վկան ասաց, որ դատավարության կողմերից ոչ մեկին չի ճանաչում, այդ թվում նաև ամբաստանյալներին:
«Ես աշխատում եմ որպես վարորդ՝ Երևան-Մոսկվա և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրում եմ իրականացնում: Ձմռան վերջերին ինձ մեր դիսպետչերը Մոսկվայում փաստաթղթերի փաթեթ փոխանցեց և ասաց, որ Երևանում կգան կվերցնեն»,-ասաց վկան:
Վկան հայտնեց, որ փաստաթղթերը փաթեթավորված են եղել, Երևան հասնելուց հետո էլ այստեղ աշխատող դիսպետչեր Գոռը վերցրել է փաստաթղթերը. «Ասաց՝ քեզ բան են տվել, որ բերես Հայաստան: Փաստաթղթերը վերցրել է, և այլ բանից տեղյակ չեմ»:
Հիշեցնենք, որ « Իգլա»-ի գործով անցնում է վեց ամբաստանյալ՝ Արցախի հերոս Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն Քոչարյանը, Անդրանիկ Քոչարյանը, Ժորա Զաքարյանը և Դավիթ Հարությունյանը:










