Մենք պատրաստ ենք Հս. Կորեայի հետ բանակցություններում միջնորդ դառնալ. Շվեյցարիայի նախագահ

15:59 • 04.09.17

Շվեյցարիան կարծում է, որ եկել է Հյուսիսային Կորեայի խնդիրը երկխոսության միջոցով լուծելու ժամանակը, և պատրաստ է միջնորդի դեր խաղալ Փհենյանի հետ բանակցություններում: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Շվեյցարիայի նախագահ Դորիս Լոյթհարդը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցներն արդեն գոյություն ունեն շատ տարիներ, բայց դա ոչինչ չի փոխում: Բնակչությունը տառապում է, բայց այն շարունակում է աջակցել իր երկրի ղեկավարությանը: Ես կարծում եմ, որ եկել է երկխոսության ժամանակը»,- ասել է նա:


Նախագահն ընդգծել է, որ Շվեյցարիան պատրաստ է այդ երկխոսության միջնորդը դառնալ:


«Առաջիկա շաբաթներին ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպես ԱՄՆ-ն և Չինաստանը կազդեն իրավիճակի վրա»,- հավելել է նա:


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, երեկ Հյուսիսային Կորեան հայտարարել է սեփական ջրածնային ռումբը ստեղծելու ու այն բարեհաջող փորձարկելու մասին: Հայտնի է, որ ռումբը նախատեսված է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համար: Ամերիկյան վերլուծաբանների կարծիքով՝ դեպքերի նման զարգացումը պետք է տագնապի ազդանշան լինի Արևմուտքի համար: