Վրաստանում անցկացվող զորավարժությունները ՀՀ համար առաջնային նշանակության չեն. դրանցից վերջին պահին հրաժարվելու շահարկումներն անտեղի են. ՊՆ 

20:37 • 04.09.17

 

 ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի կողմից՝ սեպտեմբերի 3-ին Վրաստանում մեկնարկած զորավարժությանը վերջին պահին մասնակցությունից հրաժարվելու հետ կապված շրջանառվող տեղեկատվության վերաբերյալ: Հայտարարության մեջ, մասնավորապես նշվում է.

«ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ներկայացուցիչները պարբերաբար մասնակցում են արտերկրում անցկացվող տասնյակ բազմազգ զորավարժություններին և դրանց պլանավորման համաժողովներին ու բանակցություններին:

Զորավարժություններին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցության ձևաչափը որոշվում է` ելնելով պաշտպանական գերատեսչության միջազգային փոխգործունակության պլանային կարիքներից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանում անցկացվող զորավարժություններն այդ առումով առաջնային նշանակություն չունեն ՀՀ զինված ուժերի համար` ի սկզբանե դրանց չմասնակցելու որոշում է կայացվել և մասնակցության հայտ չի ներկայացվել:

Զորավարժությունների մասնակցությունից վերջին պահին հրաժարվելու վերաբերյալ շրջանառվող շահարկումներն անտեղի են»: