Արհեստական ինտելեկտի համար մրցավազքը կլինի Երրորդ համաշխարհային պատերազմի ամենահավանական պատճառը. Իլոն Մասկը կրկին ահազանգ է հնչեցրել

15:07 • 04.09.17

Ամերիկյան SpaceX և Tesla տեխնոլոգիական ընկերությունների համահիմնադիր և ղեկավար Իլոն Մասկն է՛լ ավելի չարագույժ նախազգուշացում է հղել արհեստական ինտելեկտի վերաբերյալ՝ նշելով, որ արհեստական ինտելեկտի համաշխարհային մրցավազքը կարող է լինել Երրորդ համաշխարհային պատերազմի ամենահավանական պատճառը, գրում է CNBC-ն: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում:


Նա այդ մասին հայտարարել է ի պատասխան ուրբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հնչեցրած խոսքերին, որ ով արհեստական ինտելեկտի ստեղծման ոլորտում առաջատար դառնա, նա «կդառնա աշխարհի տիրակալ»: Այդ մասին Պուտինը հայտարարել էր սեպտեմբերի 1-ին Յարոսլավլում «Ռուսաստանը՝ ձգտելով դեպի ապագան» բաց դասին մասնակցության շրջանակում:


«Արհեստական ինտելեկտի ոլորտում առաջատար դիրքի համար պետությունների մակարդակով մրցակցությունը, իմ կարծիքով, կարող է դառնալ Երրորդ համաշխարհային պատերազմի ամենահավանական պատճառը»,- գրել է Մասկը:


Այնուհետ պատասխանելով իր հետևորդներից մեկի գրառմանը՝ Մասկը հավելել է, որ հնարավոր է, որ պատերազմը սկսեն ոչ թե երկրների առաջնորդները, այլ արհեստական ինտելեկտի համակարգերը, եթե որոշեն, որ «կանխարգելիչ հարվածը հաղթանակի ամենահնարավոր ճանապարհն է»:


Ավելի վաղ Իլոն Մասկը Նահանգապետերի ազգային ընկերակցության հանդիպման ժամանակ ունեցած ելույթում հայտարարել էր, որ արհեստական ինտելեկտը հիմնական սպառնալիքն է, որին մարդկությունը որպես քաղաքակրթություն բախվելու է:


«Ռոբոտները կարող են պատերազմ սկսել՝ թողարկելով կեղծ նորություններ ու մամուլի հաղորդագրություններ, կեղծելով էլեկտրոնային փոստի գրանցումներն ու մանիպուլյացիաների ենթարկելով տեղեկատվությունը»,-նախազգուշացրել էր միլիարդատերը:


Մասկը նաև «Թվիթերի» իր էջում գրել էր, որ մարդիկ պետք է ավելի շատ անհանգստանան արհեստական ինտելեկտից, քան Հյուսիսային Կորեայի հետ լարվածության սրման ռիսկից։


Մասկը բազմիցս հանդես է եկել արհեստական ինտելեկտի շուտափույթ վերահսկման կոչով, քանի որ, ըստ նրա, այս ոլորտը չափազանց արագ է զարգանում, և եթե ժամանակին չլուծել հարցը, ապա շատ ուշ կլինի։

Արհեստական ինտելեկտի համար մրցավազքը կլինի Երրորդ համաշխարհային պատերազմի ամենահավանական պատճառը. Իլոն Մասկը կրկին ահազանգ է հնչեցրել