Սաակաշվիլիի փաստաբանը հայտարարել է, որ Սաակաշվիլիի համար Ուկրաինա մուտք գործելու արգելք չկա

18:22 • 04.09.17

Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Պավել Բոգոմազովը հայտարարել է, որ պաշտոնական պատասխաններ է ստացել Ուկրաինայի անվտանգության խորհրդից, ազգային ոստիկանությունից, արդարադատության նախարարությունից և Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունից, որոնք հաստատում են, որ Սաակաշվիլիին չի արգելվում մուտք գործել Ուկրաինա: Այդ մասին հայտնում է interfax.ru-ն:


Գործակալության տեղեկություններով՝ արդարադատության նախարարությունում հայտնել են, որ գերատեսչությունը Վրաստանից Սաակաշվիլիին արտահանձնելու դիմում չի ստացել:


Պետական սահմանային ծառայությունում հայտարարել են, որ գերատեսչությունը Ուկրաինա Սաակաշվիլիի մուտքի արգելքի մասին լիազոր պետական մարմինների հանձնարարություններ չի իրականացնում:


«Հետևաբար չկա որևէ օրինական հիմք «Կրակովեց» անցակետում սեպտեմբերի 10-ին Միխեիլ Սաակաշվիլիի կողմից ուկրաինական սահմանի հատումը խոչընդոտելու համար: Իրավապահ մարմինների ցանկացած փորձ` թույլ չտալ Միխեիլ Սաակաշվիլիին մուտք գործել Ուկրաինայի տարածք կարելի է համարել հանցավոր քայլ, ինչպես նաև Ուկրաինայի օրենսդրության խախտում»,- ասված է Սաակաշվիլիի Рух новых сил կուսակցությունը («Նոր ուժերի շարժում») հայտարարությունում:


Օգոստոսի 31-ին Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է Ուկրաինա վերադառնալ սեպտեմբերի 10-ին: Նրա խոսքով՝ նա մտադիր է մտնել երկրի տարածք Լեհաստանի կողմից՝ «Կրակովեց» անցակետով: Այսօր ավելի վաղ հաղորդվել է, որ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները սադրանքներ են պատրաստում իր դեմ։ 


Հուլիսի 26-ին Ուկրաինայի միգրացիոն ծառայությունը հայտնել է, որ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին հրամանագիր է ստորագրել: Ինչպես նշել են Ուկրաինայի նախագահի աշխատակազմում, Վրաստանի նախկին նախագահը զրկվել է քաղաքացիությունից այն ստանալու ժամանակ կեղծ տվյալներ տրամադրելու պատճառով: Նա, մասնավորապես, նշել է, որ քննության տակ չի գտնվում ո՛չ Ուկրաինայում, ո՛չ որևէ այլ պետությունում, սակայն իրականում Սաակաշվիլին հեռակա կարգով կալանավորված է Վրաստանում: