Ես չեմ զարմանա, եթե Ուկրաինայի իշխանություններն առաջիկա օրերին ինձ Պուտինի լավագույն ընկեր հայտարարեն. Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները սադրանքներ են պատրաստում իր դեմ, գրում է russian.rt.com կայքը՝ «Նոր ուժերի շարժում» կուսակցության մամուլի ծառայությանը հղումով։
«Ես չեմ զարմանա, եթե նրանք առաջիկա օրերին ինձ Անվտանգության դաշնային ծառայության լրտես կամ գեներալ, կամ էլ Պուտինի լավագույն ընկեր հայտարարեն», - ասել է Սաակաշվիլին:
Նա հայտնել է, որ Ուկրաինայի իշխանությունները հանձնարարել են Արդարադատության նախարարությանն ուսումնասիրել իր՝ Վրաստանին արտահանձնման գործընթացը:
Օդեսայի նախկին նահանգապետը նշել է, որ ըստ նրա՝ ճիշտ կիներ թույլ տալ նրան առանց սադրանքների հասնել Ուկրաինայի տարածք և հնարավորություն տալ նրան ինքնապաշտպանվելու ուկրաինական դատարանի առաջ:
Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ Լեհաստանի տարածքից Ուկրաինա կվերադառնա սեպտեմբերի 10-ին:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին լքել է Վրաստանը 2013թ.-ին՝ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի պաշտոնավարման մեկնարկից հետո։
2015թ.-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նրան Ուկրաինայի քաղաքացիություն է շնորհել և նշանակել Օդեսայի նահանգապետ։
2016թ.-ին Սաակաշվիլին հեռացել է այդ պաշտոնից՝ հայտարարելով, որ Ուկրաինայի իշխանությունները չեն ցանկանում պայքարել կոռուպցիայի դեմ։










