Ջորջ Սորոսին ահաբեկիչ ճանաչելու խնդրագիրն ավելի քան 120 հազար ստորագրություն է հավաքել

13:42 • 04.09.17

Ավելի քան 120 հազար մարդ ստորագրել է խնդրագիրը, որում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խնդրում են ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսին ահաբեկիչ ճանաչել: Այժմ այն պետք է ուսումնասիրի Սպիտակ տունը: Համապատասխան խնդրագրի տեքստը հրապարակվել է Սպիտակ տան կայքում:


«ԱՄՆ դաշնային կառավարությունը և արդարադատության նախարարությունը պետք է անմիջապես Ջորջ Սորոսին և նրա բոլոր կազմակերպությունները և դրանց անդամներին ահաբեկիչ հայտարարեն: Նրա անձնական սեփականությունը և ակտիվները պետք է առգրավվեն»,- նշված է խնդրագրում:


Խնդրագրի հեղինակները պնդում են, որ Սորոսը դիտավորյալ մշտապես փորձել է ապակայունացնել իրավիճակը՝ քաղաքացիներին տրամադրելով իշխանությունների դեմ: Նրանց խոսքերով՝ միլիարդատերը ստեղծել և ֆինանսավորել է տասնյակ (հավանաբար՝ հարյուրավոր) առանձին կազմակերպություններ, որոնց միակ նպատակն է նպաստել սահմանադրական կառավարության տապալմանը:


Խնդրագրի հեղինակները նաև մեղադրում են Սորոսին ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության և դաշնային կառավարության մեծ մասի վրա անառողջ ազդեցություն տարածելու համար:


Ստորագրությունների անհրաժեշտ 100.000-ը հավաքելու վերջնաժամկետը լրանում է սեպտեմբերի 19-ին, սակայն անհրաժեշտ քանակությամբ ստորագրություններ հավաքվել են երկու շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում: