Այդ գումարները ծախսվել են հակահայկական գործողությունների համար. Արմեն Աշոտյանը ԵԺԿ-ում բարձրացրել է Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալի հարցը

14:57 • 05.09.17

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ԵԺԿ քաղաքական համաժողովի ընթացքում խոսել է Ադրբեջանի կողմից եվրոպական պաշտոնյաներից  միլիոնավոր դոլարների կաշառք տալու կոռուպցիոն սկանդալի մասին:

Այդ մասին Ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արմեն Աշոտյանը:

«ԵԺԿ Քաղաքական համաժողովի ընթացքում ելույթիս մի մասը նվիրեցի Ադրբեջանի կողմից հսկայական գումարների լվացման կոռուպցիոն սկանդալին, որի կիզակետում նաև որոշ եվրոպական քաղաքական շրջանակներ են։

Հատուկ ընդգծեցի, որ այդ գումարները ծախսվել են ոչ միայն Ադրբեջանին վերաբերող ժողովրդավարական խնդիրների քողարկման համար, այլև հակահայկական գործողությունների և Հայաստանի դեմ քաղաքական ճնշումների նպատակով։

Եվրոպական կուսակցությունները պարտավոր են աջակցել և հետամուտ լինել ժողովրդավարությունը և եվրոպական ինստիտուտները վտանգող և վարկաբեկող այս աննախադեպ սկանդալը ամբողջությամբ հետաքննելու, բոլոր հանգամանքները պարզելու և մեղավորներին պատժելու համար»,-ասված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ այսօր բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ  Ադրբեջանի վերնախավը տևական ժամանակ ապօրինի ֆինանսական սխեմա է իրականացրել, որի միջոցով ոչ միայն զբաղվել է փողերի լվացմամբ, այլև իր ազդեցությունն ավելացնելու նպատակով խոշոր գումարներ փոխանցել ադրբեջանական շահն առաջ տանող լոբբիստներին, ջատագովներին ու եվրոպացի քաղաքական գործիչներին: