Լորդ Դարզին` «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ

11:29 • 05.09.17

Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ուրախությամբ հաստատում է Լորդ Արա Դարզիի՝ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ դառնալը: Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են մարդասիրական, մարդու իրավունքների ոլորտը ներկայացնող  անհատներ, ինչպես նաև պետությունների նախկին ղեկավարներ: Այն գլխավորում է օսկարակիր դերասան և ռեժիսոր, հումանիտար  գործիչ Ջորջ Քլունին:

Պրոֆեսոր Դարզին Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրենն է: Նա նաև ղեկավարում է Լոնդոնի կայսերական քոլեջի վիրաբուժության ամբիոնը և Քաղցկեղի հետազոտության ինստիտուտը: Լորդ Դարզին Կատարում գործող Համաշխարհային առողջապահական նորարարությունների գագաթնաժողովի գործադիր ղեկավարն է: Նա նաև NHS Trust-ի կայսերական քոլեջի հիվանդանոցի և Royal Marsden NHS Trust-ի խորհրդատու վիրաբույժ է: Բժշկության և վիրաբուժության ոլորտում իր ծառայությունների համար 2002թ. ձեռնադրվել է որպես ասպետ, իսկ 2007թ. դարձել է Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ՝ Դենհեմի Լորդ Դարզի: 2009 թվականից ընդգրկված է Թագուհու խորհրդականների խորհրդում:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր և Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը ողջունել է Լորդ Դարզիին. «Շատ ուրախ ենք, որ Լորդ Դարզին միանում է Ընտրող հանձնաժողովին: Նա ազնիվ և առանձնահատուկ մարդ է և մեծ ձեռքբերումների է հասել իր ողջ կյանքի ընթացքում բարին գործելով: Ընտրական գործընթացը և «Ավրորայի» «Երախտագիտությունն՝ ի գործ» շարժումը մեծապես կշահեն Լորդ Դարզիի փորձառությունից և գիտելիքներից: Նա լավ է հասկանում հանրային քաղաքականության արժեքը և իր ջանքերը ներդրել է հանուն համընդհանուր բարօրության»

«Շատ ոգևորված եմ և խորապես զգացված: Ես անհամբերությամբ սպասում եմ այդ մեծ պատասխանատվությանն ու հնարավորությանը, որը կստանձնեմ որպես «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ՝ ողջունելու ու գնահատելու խիզախ ու անձնվեր մարդասերների աշխատանքը: Անհամբերությամբ սպասում եմ 2018թ. «Ավրորա» մրցանակի թեկնածուների՝ փոփոխություններ բերող հերոսների ոգեշնչող պատմություններին »,- ասել է Լորդ Դարզին:

Լորդ Դարզիի ընտանիքն անհաղորդ չէ անձնվեր հերոսներին: Նրա ընտանիքը Թուրքիայի հյուսիսարևելյան Էրզրում քաղաքից է: Նրա նախնիները Հայոց ցեղասպանության նահատակներ են. միայն նրա նախատատն ու տատն են կարողացել փրկվել:  «Նրանք մի քանի շաբաթ բոբիկ քայլել են Էրզրումից հյուսիսային Իրաք և ի վերջո հասել Իրաքի Մոսուլ քաղաք՝ իմ հոր պապի ընկերոջ օգնությամբ,- պատմել է Լորդ Դարզին «Ավրորայի» 100 LIVES նախագծին, -հետևաբար, «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի կարևորությունն անձամբ եմ զգում: Սա հիանալի հնարավորություն է բարձրաձայնելու մարդկային բարության և մեծահոգության կարևորության մասին»:

Լորդ Դարզին միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի ներկայիս անդամներին, որոնց թվում են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Միջազգային ճգնաժամային խմբի նախկին նախագահ և Ավստրալիայի արտաքին գործերի նախկին նախարար Գարեթ Էվանսը, Վարդան Գրեգորյանը, օսկարակիր դերասան և ռեժիսոր, հումանիտար ոլորտի ակտիվիստ Ջորջ Քլունին:

2018թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումները շարունակվում են: Յուրաքանչյուրը կարող է առաջադրել թեկնածուի, որն իր կյանքը, առողջությունը, ազատությունը, հեղինակությունը և բարեկեցությունը ռիսկի տակ է դրել՝ մարդկային կյանք պահպանելու և հումանիտար խնդիրներ առաջ մղելու հարցում բացառիկ ներդրում ունենալու համար: Ընտրական չափանիշների և գործընթացի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: 2018թ. «Ավրորա» մրցանակի  առաջադրումների փուլը կավարտվի 2017թ. սեպտեմբերի 8-ին:

Հավակնորդների անունները կհրապարակվեն 2018թ. ապրիլի 24-ին Հայաստանում, երբ աշխարհը հիշատակում է 1915թ. Հայոց ցեղասպանությունը: «Ավրորա» մրցանակն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների:

1 միլիոն դոլարի «Ավրորա» մրցանակը 2018թ. հունիսի 10-ին երրորդ անգամ կշնորհվի Հայաստանում: Դափնեկիրը մեկ միլիոն դոլարը կարող է տրամադրել այն կազմակերպություններին, որոնք ոգեշնչել են իր գործունեության ընթացքում: Մրցանակի հանձնման արարողությունը կամփոփի հատուկ միջոցառումներով լի շաբաթը, որոնք տեղի կունենան 2018թ. հունիսի 8-10-ը: Այսօրվա ամենահրատապ մարդասիրական խնդիրների համար լուծումներ որոնելու և մարդասիրությունը փառաբանելու համար Հայաստանում կհավաքվեն հումանիտար ոլորտի հեղինակավոր գործիչներ, գիտնականներ, բարերարներ, մարդու իրավունքների պաշտպաններ, կառավարությունների ներկայացուցիչներ, լրագրողներ և գործարար առաջնորդներ:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք և հույս պարգևել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տևած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն այնպիսի նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր և աղքատ մարդկանց կյանքը: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր և 100 LIVES ծրագիր: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն երկրորդ տարում միացել են մի քանի տասնյակ նվիրատուներ և գործընկերներ: Նախաձեռնությունն իր շուրջ է հրավիրում բոլորին, ովքեր ողջունում են նվիրվածությունը մեր համընդհանուր մարդկայնությանը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացված է երեք կազմակերպությունների կողմից՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնև, Շվեյցարիա) և IDeA հիմնադրամ (Երևան Հայաստան):