Այս սոցիալ-տնտեսական պայմաններում գիտությամբ զբաղվողն էնտուզիաստ է, առավել ևս երիտասարդ գիտնականը. Գևորգ Վարդանյան

22:24 • 05.09.17

 

ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Գևորգ Վարդանյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ վերջին տարիներին գիտության ոլորտում հատկապես երիտասարդների շրջանում ձեռքբերումներ կան. կա բավականին մեծ շարժ ընդհանրապես կրթության ոլորտում խելացի երեխաների հաջողությունների հասնելու առումով:

«Վերջին տարիներին, կարող եմ վստահեցնել, որ երիտասարդ գիտնականների հետ կապված բազմաթիվ ծրագրեր իրականացվել են, օրինակ` հենց նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը: Ճիշտ է, դա բավարար չէ, որ մենք ասենք, որ երիտասարդ գիտնականների սոցիալտնտեսական և այլ խնդիրների հարցը լուծվել է, սակայն սա ևս աջակցելու միջոց է, որպեսզի երիտասարդ գիտնականները ինչ-որ ձևով կարողանան իրենց գիտական գործունեությունն իրագործել»,-ասաց նա:

Ըստ խորհրդի նախագահի՝ սրան զուգահեռ ունենք բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես, ցածր աշխատավարձերը, գիտական սարքավորումների, լաբորատորիաների հագեցվածության հետ կապված հարցեր, գիտական նյութերի ոչ բավարար լինելը, որպեսզի գիտնականը կարողանա ժամանակին հարիր կիրառական փորձեր իրականացնել: «Սա կարևոր և բարդ խնդիր է, սակայն մենք հասկանում ենք, որ սրա համար բավականին մեծ գումարներ են անհրաժեշտ»,-ասաց նա՝ նկատելով, որ հարցը միանգամից չի կարող լուծվել:

«Այսօրվա գիտնականին, ով իրոք զբաղվում է գիտությամբ, ես համարում եմ էնտուզիաստ, քանի որ բոլորս էլ հասկանում ենք, որ առավել ևս երիտասարդ գիտնականը նման սոցիալ-տնտեսական պայմաններում ցածր աշխատավարձով նվիրված է իր գործին և զբաղվում է գիտությամբ»,-ասաց նա:

Հարցին՝ որքա՞ն կարող ենք էնտուզիազմով գիտություն զարգացնել, երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահը պատասխանեց, որ դա հարցի մի կողմն է և համաձայն է, որ զարգացման տեմպերը դանդաղ են:

Ինչ վերաբերում է ուղեղների արտահոսքին, ապա նա ասաց, որ շատերն են ժամանակին գնացել արտերկիր, սովորել, վերապատրաստվել են, վերադարձել ու գիտական գործունեությունը շարունակում են այստեղ, թեև կան մարդիկ, որ չեն վերադարձել` հատկապես 90-ական թվականներին: «Ուղեղների արտահոսք միշտ էլ լինում է: Կան բավականին երիտասարդներ, ովքեր գնում և չեն վերադառնում, սակայն հնարավորինս կապված են իրենց երկրին, կայանալուց, հաջողությունների հասնելուց հետ կարողանում են օգնել տեղի գիտնականներին»,-ասաց  նա:

 

Այս սոցիալ-տնտեսական պայմաններում գիտությամբ զբաղվողն էնտուզիաստ է, առավել ևս երիտասարդ գիտնականը. Գևորգ Վարդանյան