Կնոջը սիրեկանի հետ բռնեցրած ամերիկացուն սպառնացել են 15 տարի ժամկետով ազատազրկմամբ

23:16 • 05.09.17

ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Քլիֆտոն քաղաքի բնակչին սպառնացել են ազատազրկել այն բանից հետո, երբ նա իր կնոջը բռնացրել է սիրեկանի հետ անկողնում: Այս մասին հայտնում է The New York Post-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 15-ին: Այդ օրը Շոն Դոնիսը մնացել է տանը և հոգ տարել հնգամյա որդու մասին, իսկ նրա կին Նենսին գնացել է ընկերուհիների հետ ճաշելու: Որոշ ժամանակ անց Շոնը հայտնաբերել է, որ չի կարողանում գտնել որդու iPad-ը: Նա ակտիվացրել է սարքի որոնման համակարգը և տեսել, որ այն շարժվում է Ռոքլենդ քաղաքի ուղղությամբ:

Տղամարդու մոտ կասկածներ են առաջացել, և նա իր մորը խնդրել է մնալ որդու հետ, ավտոմեքենա նստել և վարել iPad-ի գտնվելու վայրի ուղղությամբ: Ժամանելով նշանակման վայր՝ նա տեսել է իր կնոջ՝ բնակելի տներից մեկի մոտ կայանած ավտոմեքենան: Մուտքի դուռը բաց է եղել, և Շոնը ներս է մտել, բարձրացել երկրորդ հարկ և տեսել, որ իր կինը զբաղվում է սիրով նրա գործատուի հետ:

Շոնը վերցրել է հեռախոսը և սկսել նկարահանել տեղի ունեցածը:

«Ամեն ինչ տեսագրել, տեսագրել ամեն ինչ: Չեմ կարողանա հավատալ, Նենսի, ուղղակի չեմ կարող հավատալ», - ասել է Շոնը նկարահանումն անելու ընթացքում: Տանտերը հարձակվել է անկոչ հյուրի վրա, հեռախոսն ընկել է, և տեսագրությունն ընդհատվել է:

Նշվում է, որ 2017 թվականի հուլիսին Շոնը ծանուցում է ստացել. նա մեղադրվել է կողոպուտի և անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու համար: Այժմ նրան սպառնում է 15 տարի ժամկետով ազատազրկում: Դատական քննությունը նշանակվել է սեպտեմբերի 20-ին:

Նենսիի սիրեկանը հրաժարվել է քննարկել այս պատմությունը: Նրա խոսքով՝ Շոնը շարունակում է անհանգստացնել իրեն տեղի ունեցածի պատճառով: