Ո՞վ է ասում, որ վաճառվում է բոլորը. Արգամ Աբրահամյանը հերքում է ընտանեկան բիզնեսների վաճառքի մասին լուրերը

13:45 • 05.09.17

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանը հերքում է լուրերը, թե իրենց ընտանիքին պատկանող բոլոր բիզնեսները վաճառվում են:

«Ո՞վ է ասում, որ վաճառվում է բոլորը: Ո՞վ է ասում, որ համատարած վաճառք է»,- լրագրողների համապատասխան հարցադրումներին այսպես արձագանքեց Արգամ Աբրահամյանը:

Վերջինս նշեց, թե ոչ մի բան էլ չի կատարվում: Դիտարկմանը, թե տրիկոտաժի գործարանն օրինակ չի՞ վաճառվել, Աբրահամյանն այսպես արձագանքեց. «Տրիկոտաժի գործարանի հետ վաղուց կապ չունենք»:

Աբրահամյանն ասաց, որ մեկ գազալցակայան է վաճառվել, որն իր հորեղբորն է պատկանել. «Կարծում եմ, որ դա նորմալ է, երբ բիզնեսը համարվում է ոչ լավ, վաճառվում է, այլ բիզնեսի մեջ է ներդրվում, ու դրա մեջ զարմանալու բան չկա»: Հարցին՝ հանքը չի՞ վաճառվել, նա կրկին պատասխանեց, թե հանքն իր հորեղբոր հանքն է եղել, որը չի աշխատել:

Ինչ վերաբերում է մամուլում հրապարակված լուրերի մասին, որ «Արտաշատ Վինկոն»-ը գուցե ևս փակվի, ապա Արգամ Աբրահամյանն ասաց, որ շատ նորմալ աշխատում է:

Դիտարկմանը, թե առևտրականները մտահոգություններ ունեն, որ գուցե մթերում չլինի, պատգամավորը պատասխանեց. «Ոչ մեկ մտավախություն չունի, դրանք սուտ լուրեր են: Ի տխրություն գրողների ու պատվիրողների՝ նման բան չկա»: