ՀՀ գլխավոր դատախազը ցավակցական ուղերձ է հղել Արտավազդ Գևորգյանի մահվան կապակցությամբ

20:13 • 05.09.17

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ցավակցական ուղերձ է հղել Արտավազդ Գևորգյանի մահվան կապակցությամբ։

 ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի փոխանցած ուղերձում նշված է. «ՀՀ դատախազության համակարգը խորապես վշտացած է անվանի գիտնական, Հայաստանի Հանրապետության դատախազական համակարգի կայացման և զարգացման մեջ նշանակալի ավանդ թողած Արտավազդ Գևորգյանի մահվան կապակցությամբ:

 Արտավազդ Գևորգյանն իր բազմաբեղուն գործունեությամբ մեծ հետք է թողել Խորհրդային Հայաստանի արդարադատության համակարգում, եղել է նորանկախ Հայաստանի Հանրապետության դատախազության կայացման ակունքներում, հանդիսացել իր ժամանակի ազնիվ և նվիրյալ, պետական մտածողությամբ օժտված պաշտոնյաներից մեկը՝ հսկայական վաստակ թողնելով պետականաշինության գործում:

Անձամբ իմ և դատախազության ողջ համակարգի անունից ցավակցություններս եմ հայտնում մեծանուն իրավաբանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին»: