Մոսկվայի մարզում աշակերտի հարձակման հետևանքով տուժել է նրա ուսուցչուհին և երեք աշակերտ

23:19 • 05.09.17

Մոսկվայի մարզի Իվանտեևկա քաղաքի դպրոցներից մեկում 15-ամյա աշակերտի հարձակման հետևանքով, ընդհանուր առմամբ, տուժել է չորս մարդ՝ նրա ուսուցչուհին և երեք աշակերտ: Դասասենյակը, որում տեղի է ունեցել հարձակումը, գտնվում է երկրորդ հարկում: Ուսուցչուհին գանգուղեղային վնասվածք է ստացել, իսկ պատուհանից դուրս ցատկած երեք աշակերտները՝ վնասվածքներ և կոտրվածքներ: Այս մասին հայտնում է Interfax-ը:

Հարձակումից հետո դեռահասը ձերբակալվել է, և նրա մոտ հայտնաբերվել է երկու ինքնաշեն պայթուցիկ փաթեթ: Մոսկվայի մարզի Մանկական օմբուդսմենի խոսքով՝ դեռահասի հետ աշխատում են մասնագետները, որոնք պարզում են նրա գործողությունների դրդապատճառները:

Երեխաների իրավունքների հանձնակատարն իր հերթին հայտնել է, որ «մոտ ժամանակներում մեծ հանդիպում կկազմակերպվի Մոսկվայի մարզի դպրոցներում անվտանգություն ապահովելու և նման դեպքերը կանխարգելելու ուղղությամբ»:

Հիշեցնենք, որ Մոսկվայի մարզի Իվանտեևկա քաղաքի դպրոցներից մեկում 15-ամյա աշակերտը կրակ է բացել դասարանում: Դեպքը կատարվել է առավոտյան ժամերի, աշակերտի մոտ եղել է օդամղիչ ատրճանակ, հրավառ նյութ և խոհանոցային մուրճիկ: Դասաժամերից մեկի ընթացքում տղան մուրճիկով հարձակվել է ուսուցչուհու՝ իր դասղեկի վրա և կրակ բացել օդամղիչ ատրճանակից:

Ինչպես ավելի վաղ նշել է Tert.am-ը, ուսուցչուհու ուղղությամբ օդամղիչ ատրճանակից կրակ բացած 15-ամյա դեռահասը տեղի խոշոր գործարարներից մեկի որդին է: