Պուերտո Ռիկոյում արտակարգ դրություն է հայտարարվել «Իրմա» փոթորիկի պատճառով

01:39 • 05.09.17

Պուերտո Ռիկոյի նահանագապետ Ռիկարդո Ռոսելյոն արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել «Իրմա» փոթորիկի մոտենալու պատճառով: Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն՝ վկայակոչելով ամերիկյան հեռուստաալիքը:


Ռոսելյոն նշել է, որ գործի են դրվել անվտանգության բոլոր միջոցառումները: Երկրի վարչակազմը 456 կացարան է նախապատրաստել, որտեղ կկարողանան 62 000 մարդու տեղավորել, ինչպես նաև 65 մլն դոլարի սննդամթերք է գնել՝ աղետից տուժած բնակիչներին բաժանելու համար:


Էլեկտրաէներգիայի մատակարարման համար պատասխանատու ծառայություններն ստուգում են էլեկտրափոխանցման գծերը և ծառահատումներ են կատարում առավել վտանգավոր հատվածներում:


Ամերիկացի օդերևութաբանների տվյալներով՝ փոթորկի էպիկենտրոնը կարող է մոտենալ Կարիբյան ծովի կղզիներին երեքշաբթի երեկոյան, իսկ չորեքշաբթի հասնել ԱՄՆ-ի արևելյան ափերին: