Դժվար է երկխոսել Ավստրիան ու Ավստրալիան շփոթողների հետ. Պուտինը՝ ԱՄՆ-ի մասին

13:28 • 05.09.17

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով Մոսկվայի ու Վաշինգտոնի համագործակցության մասին, հայտարարել է, որ դժվար է երկխոսել մարդկանց հետ, որոնք շփոթում են Ավստրիան ու Ավստրալիան, գրում է ria.ru-ն։

«Դժվար է երկխոսություն սկսել մարդկանց հետ, որոնք շփոթում են Ավստրիան ու Ավստրալիան: Այս դեպքում ոչինչ անել հնարավոր չէ: Հավանաբար, ամերիկյան իշխանական վերնախավի որոշակի հատվածը քաղաքական մշակույթի այդ մակարդակն ունի»,-ասել է ՌԴ ղեկավարը ԲՐԻԿՍ գագաթնաժողովից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ:

Ավելի վաղ Պուտինը լրագրողներից մեկի՝ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփից հիասթափվելու մասին հարցին տվել է ուշագրավ պատասխան:

«Ինչ վերաբերում է հիասթափվելուն կամ չհիասթափվելուն, ապա Ձեր հարցը շատ միամիտ է հնչում: Նա հո իմ հարսնացուն չէ՞, կամ ես հո նրա հարսնացուն կամ փեսացուն չե՞մ: Մենք զբաղվում ենք պետական գործունեությամբ: Յուրաքանչյուր երկիր իր շահն ունի, այս դեպքում Թրամփն առաջնորդվում է իր երկրի, ես՝ իմ երկրի շահերով: Ես լիահույս եմ, որ մեզ կհաջողվի փոխզիջումներ գտնել երկկողմ խնդիրների լուծման հարցում»,-ասել է Պուտինը: