Հակամարտության գոտի զենքի մատակարարումը միայն վատթարացնում է իրավիճակը. Պուտինը՝ Ուկրաինա ամերիկյան զենքի մատակարարման մասին

15:45 • 05.09.17

ԱՄՆ-ի կողմից մահաբեր զենքի հնարավոր մատակարարումներն Ուկրաինա չեն փոխի Դոնբասում իրավիճակը, այլ կհանգեցնեն զոհերի թվի աճին: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է «Իզվեստիա»-ն:


«Դա ԱՄՆ-ի ինքնիշխան որոշումն է՝ ում վաճառել զենք կամ անվճար մատակարարել, ինչպես նաև այդ օգնությունը ստացող երկրի որոշումն է: Մենք այդ գործընթացի վրա ոչ մի կերպ չենք կարող ազդել: Բայց կան ընդհանուր միջազգային օրենքներ և մոտեցումներ՝ հակամարտության գոտի զենքի մատակարարումները չեն նպաստում խաղաղությանը, այլ միայն վատթարացնում են իրավիճակը»,- ասել է Պուտինը:


Ռուսաստանի նախագահը հավելել է, որ զենքի մատակարարումները կարող են այլ տարածքներում ռազմական ուժի կիրառում հրահրել:


«Ցանկանում եմ ընդգծել, որ բոլորին հասկանալի լինի՝ ոչինչ չի փոխվի: Զոհերի թիվը կարող է ավելանալ, և դա ցավալի է»,- կրկնել է Պուտինը: