Պատանի ներգաղթյալների համար նախատեսված ծրագիրը չեղարկելու Թրամփի որոշումը դաժան և սխալ է. Օբամա

06:37 • 06.09.17

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հայտնել է, որ Դոնալդ Թրամփի վերջին որոշումը՝ չեղարկել պատանի ներգաղթյալների համար նախատեսված իր DACA ծրագիրը, «դաժան և սխալ» է։


«Թրամփի վարչակազմի այսօրվա գործողությունները իրավաբանական անհրաժեշտությամբ չէին պայմանավորված»,- գրել է Օբաման իր Ֆեյսբուքյան էջում։ «Սա քաղաքական որոշում է ու բարոյական հարց»։


«Չնայած նրան, թե միգրացիայի դեմ ինչ բողոքներ ունեն ամերիկացիներն առհասարակ՝ մենք չպետք է վտանգի ենթարկենք այն երիտասարդների ապագան, ովքեր այստեղ են ոչ իրենց մեղքով, և որոնք որևէ սպառնալիք չեն ներկայացնում»,- նշել է Օբաման։


Ավելի վաղ հայտնել էինք, որ Դոնալդ Թրամփի թիմը սեպտեմբերի 5-ին որոշում է ընդունել, համաձայն որի չեղարկում է այն ծրագիրը, որն արտաքսումից պաշտպանում էր 800 000 անօրինական երիտասարդ նեգաղթյալներին, սակայն Կոնգրեսին 6 ամիս ժամանակ է տվել ընդունել հարցի հետ կապված համապատասխան միջոցառումներ։