ՀՀ ՊՆ-ն դեռևս հուլիսին պաշտոնապես հաստատել է իր մասնակցությունը Վրաստանի զորավարժություններին. Վրաստանի ՊՆ
Հայաստանի պաշտպանության նախարարությունը վերջին պահին հրաժարվել էր մասնակցել Վրաստանի Ախալցիխե քաղաքում անցկացվող «Agile Spirit 2017»-ի զորավարժություններին,որը վրաց-ամերիկյան, ԱՄՆ-ի Եվրոպական և Աֆրիկյան ռազմածովային կորպուսի նախաձեռնությամբ զորավարժություն է ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի ճգնաժամային և այլ իրավիճակներում համատեղ մասնակցության պատրաստության մակարդակի բարձրացման նպատակով։
Զորավարժություններին մասնակցելուց հրաժարվելու մասին Tert.am-ը տեղեկացավ զորավարժություններից քիչ առաջ՝ սեպտեմբերի 3-ին Վրաստանի ՊՆ-ից։
Այնուհետև մեկնաբանելով Tert.am-ի ստացած պաշտոնական տեղեկությունը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն ասել էր.«Հայաստանը պաշտոնապես չի հաստատել,որ մասնակցելու է Վրաստանի և ԱՄՆ-ի կազմակերպած զորավարժություններին»։
Այս հայտարարության,զորավարժություններին մասնակցելու և այլ մանրամասների վերաբերյալ Tert.am-ը պարզաբանում է ստացել Վրաստանի Պաշտպանության նախարարության Ռազմավարական հաղորդակցության և հանրային հարցերի բաժնից.«2017 թվականի ծրագրի համաձայն, որը հաստատվել է 2016-ին, ԱՄՆ-Վրաստան համատեղ զորավարժությունները «Agile Spirit 2017» բազմազգ ուսումնավարժանքների շրջանակներում նախատեսված են եղել 2017-ի սեպտեմբերի 3-12-ը»։
Հարցին,թե ինչպե՞ս է «Agile Spirit»-ին մասնակցության կարգը, Վրաստանի ՊՆ-ից պատասխանել են.«Վրաստանը, ԱՄՆ-ի հետ համաձայնեցմամբ, փետրվարի 2-ին զորավարժություններին մասնակցելու հրավերներ է ուղարկել մի շարք երկրների, այդ թվում և Հայաստանին»։
Հարցին,թե «Agile Spirit 2017» -ին մասնակցելու մասին Հայաստանը ե՞րբ է հայտնել Վրաստանի պաշտպանության նախարարությունը և ինչպես,Վրաստանի ՊՆ-ից հայտնեցին,որ զորավարժությունները ծրագրվում են մի շարք համաժողովների արդյունքում, որոնց թվում ամենից կարևորը վերջնական ծրագրման համաժողովն է, որի ժամանակ հրավիրված երկրները վերջնականապես հաստատում են իրենց մասնակցությունը, մասնակցող ռազմական անձնակազմի թվաքանակը, նախընտրած դիրքերը, ինչպես նաև համաձայնության են գալիս վարչական և տեխնիկական հարցերի շուրջ:
«Հրավերի պաշտոնական նամակն ստանալուց հետո Հայաստանի Զինված ուժերի երկու ներկայացուցիչ այցելել են Վրաստանում կայացած վերջնական ծրագրման համաժողովին (2017, հուլիսի 10-13) և հաստատել են 3 հայ սպաների մասնակցությունը բազմազգ զորավարժություններին:
Վրացական կողմը Agile Spirit 2017-ի ակտիվ փուլի մեկնարկից քիչ առաջ տեղեկացվել է, որ հայ սպաները չեն կարողանա մասնակցել զորավարժություններին: Մերժման պատճառը չի բացատրվել»:
Վրաստանի ՊՆ-ի նշված բաժնից նաև հավելեցին,որ «Agile Spirit 2017»-ը բազմազգ հրամանատարական և դաշտային զորավարժությունների համալիր է, որի նպատակն է ընդլայնել փոխհամագործակցությունը Վրաստանի, ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի անդամ երկրների և տարածաշրջանային գործընկերների միջև: 7 երկիր ներկայացնող ավելի քան 1500 զինվոր են մասնակցում զորավարժություններին: Մասնակիցները նոր պայմաններում ռազմական գործողություններ իրականացնելու եզակի մարտական փորձառություն են ձեռք բերում:










