Թուրքիայում հայկական եկեղեցիների պահպանումը կախված է մեր համայնքի կազմակերպվածությունից. Սելինա Դողան

22:24 • 07.09.17

Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության հայազգի պատգամավոր Սելինա Դողանն անդրադառնալով  Թուրքիայում՝ Դիարբեքիրի Սուր պատմական շրջանում թուրքական իշխանությունների կողմից հնագույն պատմական կոթողների ավերմանը՝ նշեց, որ իրենք ցավում են, որ ոչնչացվում է Թուրքիայում ապրող ժողովուրդների պատմությունը:

Նա Tert.am-ի հետ զրույցում  նշեց. «Սուրը Անատոլիայի պատմությունն է և  մեր բոլորի ընդհանուր հիշողությունը: Դժբախտաբար, Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ)  նպատակ է դրել ոչնչացնել Թուրքիայում ապրող ժողովուրդների պատմությունը և ստեղծել նոր՝ Իսլամիզմի վրա հիմնված պատմություն»:

Հիշեցնենք, որ Սուրում արդեն երկրորդ ամիսն է, ինչ ամբողջությամբ քանդվում են թուրք-քրդական բախումներից հետո պետականացված կառույցները: Հայտնի է, որ այս հատուկ գործողության ընթացքում կավերվի, ընդհանուր առմամբ, 850 կառույց:

Նշենք, որ 2016թ.-ին պետականացված գույքի ցուցակում էր հայտնվել նաև հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին, որը, սակայն, ավելի ուշ հաջողվեց վերադարձնել մշակութային հիմնադրամին, որին եկեղեցին պատկանում էր մինչ բռնի պետականացումը:

Սելինա Դողանը նկատեց՝ Սուրը միակը չէ, և ոչ էլ վերջին տարածքը, որի ինքնությունը Թուրքիայում փոխվում է: «Դրանում կասկած չկա․ այնտեղ ապրած կամ ապրող հայերը, քրդերը և այլ ազգերն են այդ մասին վկայում: Այն շատ սիմվոլիկ տարածք է, բայց պետք է նկատել՝ թուրքական իշխանություններն անում են նույն բանը ամբողջ Թուրքիայում»,- նշեց նա:

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորի խոսքով՝ Թուրքիան նման քաղաքականություն է վարում նաև կրթության ոլորտում: Ըստ նրա՝ հիմա նոր ուսումնական ծրագրով թուրքական իշխանությունները ստեղծում են ոչ թե Թուրքիայի, այլ «Արդարություն և զարգացում» կուսակցության պատմությունը:

«Շատ դպրոցներ իսլամացված են: Հակառակ սահմանադրության սկզբունքներին՝ Թուրքիան այլևս աշխարհիկ երկիր չէ: Մյուս կողմից էլ՝ Թուրքիայի Արևելքում շատ թեժ հակամարտությունը և պայքարը ահաբեկչության դեմ շատ խաղաղ բնակիչների կյանք խլեց: Ցավոք, այդ դեպքերից և ոչ մեկը չի հետաքննվում: Եվ երկար տևող  հակամարտության մթնոլորտը հազարավոր մարդկանց ստիպել է լքել իրենց տները: Այսքան տրավմատիկ շրջանից հետո էլ հիմա մարդիկ առերեսվում են «քաղաքների նորացման» հետ»,- նշեց նա:

Սելինա Դողանը պատմեց, որ Սուրի բնակիչներին թուրքական իշխանությունները տվել են շատ ցածր գին նրանց տների դիմաց: «Սա մի կողմից մարդկանց իրավունքների խախտում է, մյուս կողմից՝ մշակութային կոտորած»,- ասաց նա՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ այս օրերին ոչնչացվում է նաև քրդական քաղաք Հասանքեյֆը, որը հնագույն պատմական ժառանգություն է:

«Արդյունքում՝ հարստություն համարվող հայկական եկեղեցիների և այլ նման պատմական հուշարձանների պահպանումը կախված է նրանից, թե ԱԶԿ-ն որքան երկար կմնա իշխանությունում և թե մեր համայնքը որքան կազմակերպված կլինի իր իրավունքները պաշտպանելու հարցում»,- ասաց նա՝ մատնանշելով, որ, օրինակ, ասորական համայնքների սեփականությունը թուրքական գանձապետարանի կողմից 1․5 ամիս առաջ առգրավվեց: