Մեր եվրոպացի գործընկերները պետք է իրականացնեն քննություն, որին սանկցիաներ պետք է հաջորդեն. Շարմազանովը՝ ադրբեջանական կոռուպցիոն սկանդալի մասին
ՀՀ-ի և ՌԴ-ի ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ բոլոր ուղղություններով դինամիկ զարգանում են. Շարմազանովը՝ Սարգսյան-Պուտին հանդիպման մանրամասներ ներկայացրեց
ՀՀ-ի գործադիր մարմնի հերթական նիստում քննարկվել է ներքաղաքական, արտաքին քաղաքական մի շարք խնդիրներ: Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մանրամասները:
«Կարող ենք արձանագրել, որ այս փուլում ՀՀ-ի և ՌԴ-ի հետ ռազմավարական, դաշնակցային հարաբերութուններ բոլոր ուղղություններով դինամիկ զարգանում են: Հայկական կողմը դրական է գնահատում բոլոր հանդիպումները, ինչպես նաև հանդիպմանը քննարկվել են և՛ երկկողմ հարաբերությունները, և՛ տարածաշրջանային անվտանգության հարցերը»,- ասաց Շարմազանովը:
Վերջինս նշեց, թե նիստում քննարկման է դրվել ԱԺ աշնանային նստաշրջանի հետ կապված հարցերը, ինչպես նաև նոյեմբերի 5-ին մի շարք համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցության ձևաչափը:
Նա, խոսելով մամուլում ակտիվորեն շրջանառվող «Ադրբեջանական լվացքատուն» անունն ստացած վերջին սկանդալային պատմությունների մասին, նկատեց, թե այսօր որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջան և կոռուպցիան նույնանուն հասկացություններ են:
«Ադրբեջանը մի երկիր է, որը թե՛ ԵԽԽՎ-ում, թե՛ տարբեր հարթակներում փորձել է կոռուպցիոն գործողություններ ծավալել, և դրա նպատակը եղել է նաև հակահայկական գործունեությունը: Եվ ես կարծում եմ, որ մեր եվրոպացի գործընկերները կիրականացնեն քննություն, և այդ ամեն ինչը կունենա տրամաբանական շարունակություն, իսկ տրամաբանական շարունակությունը տարբեր տիպի սանկցիաներն են: Ինձ համար նորություն չէ նման կոռուպցիոն սկանդալը, որովհետև Ադրբեջան պետության էությունը նացիզմն է, ֆաշիզմը, ռասիզմը, հայատյացությունը, և մյուս կողմից էլ նաև հակաժողովրդավարություն ու կոռուպցիան»,- նշեց նա:
ՀՀԿ խոսնակի ծիծաղելի է համարում հարևան պետության ղեկավարության պաշտոնական հայտարարությունը, թե այս ամենի հետևում հայկական լոբբին է կանգնած: Շարմազանովը հորդորեց եվրոպացի գործընկերներին քննարկել ու հետևություններ անել. «Նաև նորություն չէ, որ Ադրբեջանը հակահայկական քաղաքականության մեջ հսկայական գումարներ է ներդրել: Սա փաստ է, և ես չեմ բացառում, որ առաջիկայում նոր փաստեր կլինեն, որովհետև չեմ կարծում, որ Ադրբեջանի ղեկավարությունն այդքանով կսահմանափակվի, միայն 1 կամ 2 երկրների պատգամավորներին կաշառելով»,- շարունակեց Էդուարդ Շարմազանովը:










