Հղի չինուհին ինքնասպան է եղել ծնողներից կեսարյան հատման թույլտվություն չստանալու պատճառով

16:57 • 07.09.17

Չինական Շենսի նահանգում հիվանդանոցներից մեկի տեսահսկման խցիկները ֆիքսել են ցնցող կադրեր, երբ չափից ավելի մեծ պտուղ կրող կինն ինքնասպան է եղել ծնողներից կեսարյան հատման համար թույլտվություն չստանալու պատճառով:

Ինչպես նշում է life.ru-ն, Մա ազգանվամբ կինն աղերսել է բժիշկներին կեսարյան հատում անել, քանի որ պտղի գլուխը շատ մեծ է եղել ու իրեն սարսափելի ցավ է պատճառել: Սակայն երկրի օրենքների համաձայն՝ ծննդկանի ընտանիքը պետք է համաձայնություն տա վիրահատական միջամտության համար:

Նշվում է, որ աղջկա ծնողները հրաժարվել են համաձայնություն տալ, ինչից մի քանի ժամ հետո ծննդկանը, չդիմանալով ցավերին, ինքնասպան է եղել:

Ֆիքսված կադրերում երևացել է՝ ինչպես է կինը քայլում հիվանդանոցի միջանցքով ու կծկվում ցավերից. նա եղել է հղիության 41-րդ շաբաթում: Նրան զննելուց հետո բժիշկներն ասել են, որ պետք է կեսարյան հատում արվի, բայց ընտանիքը պնդել է բնական ճանապարհով ծննդաբերելու տարբերակի հարցում:

Ինքնասպանության հետևանքով կինն ու երեխան մահացել են: Չի հստակեցվում՝ ինչպես է կինն ինքնասպանություն գործել։