Իսպանիայում Կատալոնիայի իշխանություններին դատի կտան՝ անկախության հարցով հանրաքվե հրավիրելու համար
Իսպանիայի գլխավոր դատախազությունը հայցեր է ներկայացնում Կատալոնիայի խորհրդարանի մի շարք պատգամավորների և Ժեներալիտետի անդամների դեմ՝ անկախության հարցով հանրաքվեի անցկացման վերաբերյալ ընդունված փաստաթղթերի պատճառով: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Իսպանիայի գլխավոր դատախազ Խոսե Մանուել Մասային:
«Մենք քրեական հայցեր ենք պատրաստում խորհդարանի նախագահության և կառավարության անդամների դեմ՝ հանրաքվե հրավիրելու համար»,- հայտարարել է Մասան՝ հավելելով, որ երկու հայց կներկայացվի Կատալոնիայի գերագույն դատարան:
Նա նաև վստահեցրել է, որ իրավապահ մարմինները՝ ազգային ոստիկանությունը, քաղաքացիական գվարդիան, ինչպես նաև կատալոնական Mossos d'Esquadra-ն կձեռնարկեն անհրաժեշտ բոլոր գործողությունները կայուն իրավիճակ և օրենքի իրականացումն ապահովելու համար:
«Գլխավոր դատախազությունը խնդրել է անվտանգության ուժերին հետաքննել այդ հանրաքվեի կազմակերպման հետ կապված բոլոր գործողությունները»,- հայտարարել է Մասան՝ այն անվանելով անօրինական և Սահմանադրությանը հակասող:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը ստորագրել է Իսպանիայից անկախանալու հարցով հանրաքվե անցկացնելու մասին օրենքը: Կատալոնիայի խորհրդարանը մինչ այդ կողմ է քվեարկել Իսպանիայի ինքնավար մարզի անկախության համար հանրաքվե անցկացնելուն:










