ՊՊԾ գնդից 18-ի գործով նիստին ամբաստանյալները հեռացվել են դահլիճից, որոշ պաշտպանների նկատմամբ կիրառվեց դատական սանկցիա

14:23 • 07.09.17

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է «Սասնա ծռերից»-ից 18-ի՝ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի,Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի քրեական գործի քննությունը՝ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ։

Դատական նիստի մեկնարկին նիստերի քարտուղարը հայտնեց, որ մի քանի պաշտպաններ բացակայում են, այդ թվում՝ Դավիթ Գյուրջյանն ու Մուշեղ Շուշանյանը:

Նիստերի դահլիճում ներկա պաշտպանները հայտնեցին, որ նրանք դատարանի շենքում են, և չեն կարող ներկայանալ նիստին, որովհետև հրաժարվում են կատարել դատական կարգադրիչների անօրինական պահանջները:

Փաստաբանների հարցին, թե որտեղ են ամբաստանյալները, դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց, որ նրանց նկատմամբ կիրառվել է դատական սանկցիա և նրանք հեռացվել են դատական նիստերի դահլիճից:

Ինչ վերաբերում է բացակա պաշտպաններին, դատավորն ասաց, որ նրանք կարող են ներկայանալ նիստին կարգադրիչների պահանջը կատարելուց հետո:

Փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց, որ կարգադրիչներն օրինական պահանջ չեն ներկայացնում. «Ի՞նչ է, որ կարգադրիչներն ասեն՝ հատակը պիտի մաքրեք, պիտի մաքրե՞ն»:

Դատավորն ասաց, որ նախապատրաստական փուլ է, և ինքը կարող է նիստը շարունակել առանց պաշտպանների. «Եթե մյուս նիստին ցանկանան, մենք կկրկնենք»,-ասաց դատավորն ու անցավ մեղադրող դատախազների բացարկի հարցը քննարկելուն:

Պաշտպան Ինեսսա Պետրոսյանը հարցրեց, թե դատավորը քանի՞ անգամ է պատրաստվում նախապատրաստական փուլ անցկացնել. «Նույն բանը տասը անգամ պիտի անե՞ք»:

«Այո, հենց ըտենց»,-ասաց դատավորը:

Պաշտպանները միջնորդություն ներկայացրին ամբաստանյալների ու պաշտպանների ներկայությունն ապահովել, որպեսզի լսեն նրանց կարծիքը դատախազների բացարկի մասին:

Լուսինե Սահակյանն ասաց. «Ապահովեք նրանց ներկայությունը: Ի տարբերություն Ձեզ, ես չեմ ծալել, շպրտել մի կողմ, ես հարգում եմ իմ մասնագիտությունն ու իմ վստահորդներին»:

Դատարանը միջնորդությունը քննության չառավ, իսկ Արամ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանն ասաց, որ իրենց ոչինչ չի մնում անել, քան լքել նիստերի դահլիճը. «Ես իմ կոլեգաներին խնդրում եմ՝ դուրս գանք դահլիճից, Դուք շարունակեք ձեր գործողությունները»:

Պաշտպաններ Արայիկ Պապիկյանը, Լուսինե Սահակյանն ու Հրանտ Գևորգյանը լքեցին նիստերի դահլիճը: Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ և սանկցիա կիրառեց նրանց նկատմամբ՝ պատասխանատվության ենթարկելու դիմումով դիմելով Փաստաբանների պալատ: