Իսպանիայի գլխավոր դատախազը պատրաստվում է պատժել Կատալոնիայի մի շարք քաղաքական գործիչների

01:19 • 08.09.17

Իսպանիայի գլխավոր դատախազը մտադիր է Կատալոնիայի իշխանությունների դեմ քրեական գործ հարուցել՝ անկախության հանրաքվեի կազմակերպման մեղադրանքով,  որը հավանության էր արժանացել սեպտեմբերի 6-ին Կատալոնիայի խորհրդարանում:

 

Երկրի գլխավոր դատախազ Խոսե Մանուել Մազան հայտնել է, որ զուգահեռաբար 2 դատական հայց է մշակվում։ Դրանցից մեկով մտադիր են պատժել Կատալոնիայի խորհրդարանի անդամներին, որոնք թույլ են տվել  բանավեճեր անցկացնել և քվեարկել հոկտեմբերի 1-ին նախատեսված հանրաքվեի իրավական սահմանների օգտին։ Երկրորդը տարածաշրջանային կառավարության գործադիր իշխանության դեմ է։

Խոսե Մանուելի խոսքով՝ կատալոնացի պաշտոնյաներին կարող են մեղադրանքներ առաջադրվել ընդհուպ մինչև անհնազանդության, իշխանությունը չարաշահելու և անհեթեթ կերպով գումարներ ծախսելու մեջ: