Սիզամարգ, ժամացույցների ուղղում. ըստ Ա. Բաղդասարյանի՝ Մարուքյան եղբայրներն ու ընդդիմությունը համակարգի խնդիրները թողած՝ անիմաստ բաներով են զբաղվում

20:00 • 09.09.17

«Անողոք» պայքար. սիզամարգերն ավերողների դեմ, ժամացույցների սլաքների ուղղում. Ահա այն ինչով զբաղվում է իրեն երրորդ քաղաքական ուժ հռչակած «Ելք» և Մարուքյան եղբայրները՝ մեկը Երևանում, մյուսը՝ Վանաձորում: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը։

«Եթե այդքան կարևորվում են այս սիզամարգերը, ժամացույցները, այդ աստիճանի կարևորության խնդիրները, գալիս ենք 2 հետևության, որովհետև 2 տարբերակ. կա՛մ Հայաստանում բոլոր խնդիրները այնպես են լուծվել, որ մնացել է սիզամարգերի հարցը, շների կեղտոտելու, ժամացույցների ճիշտ աշխատելու, երթուղայինների երաժշտության, հետևաբար, Հայաստանում ամեն ինչ այնքան լավ է, որ մնացած հարցերը քննարկելի չեն: Եվ կա 2-րդ տարբերակը. այս պետական կառավարման համակարգի գործունեության հետևանքով Հայաստանն այնպիսի վիճակի մեջ է հայտնվել, որ ընդդիմադիր լինելու իմաստն էլ է կորել: Եվ, կրկին, երկու պատճառով. առաջինը՝ վտանգավոր է, դրա վկայությունը Շանթ Հարությունյանն է, «Սասնա ծռերը», և երկրորդ պատճառը, որ արհեստածին ընդդիմությունն արմատական հարցեր չի կարող դնել: Իրավունք չունի: Թույլտվություն չունի: Եվ մեր մոտ այս երկուսը մեկում է»,-ասաց նա:  

Ալբերտ Բաղդասարյանի խոսքով՝ քանի որ Հայաստան, ամեն դեպքում, դեռ Հյուսիսային Կորեա չէ, ամենը տեղի է ունեցել աստիճանաբար, այլընտրանք չտեսնելով՝ ժողովուրդը Հայաստանից արտագաղթել է, նրանց թվում քաղաքականությամբ զբաղվողները, իսկ ռադիկալ  ընդդիմադիրներն էլ հայտնվել են բանտում, կամ «դարձել են հրապարակախոս՝ առանց կոնկրետ գործունեության»:

«Ինչպես, օրինակ, ես եմ: Ինչ վերաբերում է պատվերով համերգի մասնակիցներին, պատվերով համերգը հո չի կարող լինել այնպես, որ կատարողները խոսեն Հայաստանում դատական բացարձակ անիրավությունների մասին, խոսեն՝ բյուջեի բացարձակ, անկառավարելի մսխման մասին,  գլոբալ, պետությանը սպառնացող հիմնախնդիրների մասին: Չի կարող նման բան լինել»,-հավելեց ԳԽ նախկին պատգամավորը:

Ի պատասխան դիտարկման, որ հնարավոր է, երիտասարդ քաղաքական գործիչների պրագմատիկ սերունդ է, որը չի տարվում բարձրագոչ գաղափարներով և նախընտրում է իր քաղաքում, իր փողոցում մի կոնկրետ, թեկուզև՝ փոքր հարց լուծել, ինչպես Վազգեն Սարգսյանն էր ժամանակին ձևակերպել՝ «ավելի լավ է մի մոմ վառել, քան անվերջ բողոքել մթից», Ալբերտ Բաղդասարյանը նկատեց, թե դա նույնն է, թե անբուժելի հիվանդ մարդու օրգանիզմը քայքայվում է, նա մահանում է ու այդ ընթացքում նրա վրա թարախապալարներ են հայտնվել ու նա պայքարում է դրանց դեմ:

«Մարդիկ կան, որ գլոբալ տեսնում են այս ընթացքը, մարդիկ կան, որ աչքները փակում են, ասում են՝ ինձ հետաքրքիր չէ, դա պեսիմիստական է, դա նիհիլիստական է, ես տեսնում եմ՝ մի հատ բշտիկ կա, վերացնում եմ, դա այդ վառած մոմն է: Ու այդ գրական խոսքերը, Վազգեն Սարգսյանը չէ, ով ուզում է, ասած լինի, ուզում է՝ Գարեգին Նժդեհն ասած լինի, իմ համար զրոյական արժեք ունեն: Ես տեսնում եմ օրգանիզմի քայքայումը՝ անկախ նրանից, թե մեկը Հիսուս Քրիստոսի՞ց, թե՞ Գարեգին Նժդեհից է մեջբերումներ անում, Խորենացո՞ւց, թե՞ Վազգեն Սարգսյանից, չի կարող ինձ ապացուցել, որ ճիշտը թարախապալար բուժելն է»,- առարկեց Ալբերտ Բաղդասարյանը:

Ըստ որում, նախկին պատգամավորն անգամ այն կարծիքին չէ, որ ընդդիմությունն իջեցրել է պայքարի նշաձողը՝ հաշվի առնելով, որ նախկինում ընդդիմությունների կողմից հռչակված են եղել շատ ավելի քաղաքականապես ազդեցիկ օրակարգերի՝ պայքար ապագաղութացման դեմ, «Պայքար, պայքար, մինչև վերջ» և այլն: «Ի՞նչ նշաձող, նշաձող պետք է լիներ, որ իջեցնեին»,-ասում է Ալբերտ Բաղդասարյանը:

Ինչ վերաբերում է «Ելք»-ի առաջնորդներից Արամ Զ. Սարգսյանի հայտարարած նոր օրակարգին, որ «Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ», ապա Ալբերտ Բաղդասարյանը նկատեց, որ մարդիկ անգրագետ են, զրո են, քաղաքականություն ու Սահմանադրություն էլ չեն կարդացել:

«Եթե Սահմանադրության բոլոր լիազորությունները տրված են Ազգային Ժողովի մեծամասնությանը: Ուրեմն՝ ով ԱԺ մեծամասնությանը ղեկավարեց, ինչ պաշտոն ուզում է լինի, կարող է՝ օրենքով գող լինի, բերդի խցում նստած, եթե նրան ընտրի մեծամասնությունը, նա կկառավարի Հայաստանը: Սա էլ է ցույց տալիս, թե մենք չենք հասկանում՝ պետություն կառուցելը ինչ է, եթե հասկանայինք, այդ կեղծ օրակարգը կշպրտեինք ու 2015-ին ոտքի կկանգնեինք ազգովի ու կասեինք էս «գենսեկական. Սահմանադրությունը չենք ընդունում: Թե չէ, ալարում են Սահմանադրություն կարդալ, ալարում են հասկանալ պետություն կառուցելու հիմքերը»,- ավելացրեց Ալբերտ Բաղդասարյանը: 

ԳԽ նախկին պատգամավորը կարծում է, որ նախկինում Հայաստանում քաղաքական ընդդիմությունների պայքարները Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակներից տարվել են այն տրամաբանությամբ, որ դժգոհ ժողովրդին պայքարի տանող առաջնորդներն ասել են՝ «այսօրվա իշխանությունները սրիկա են, գող կաշառակեր, հանցագործ, մենք ազնիվ ենք: Հենց սրանց գցենք, գանք իշխանության, ամեն ինչ կվերանա, և Հայաստանը կդառնա երկիր դրախտավայր»:

Իսկ դա չի ստացվում, քանի որ որքան էլ, ըստ Բաղդասարյանի, սրա շուրջ մարդիկ հավաքվեն, անգամ ՝ կրիտիկական զանգվածներ, դրանք կեղծ և համազգային կատեգորիաներ են, որոնցով 25 տարի մարդկանց առաջնորդել են: «Իսկ իրական գաղափարն այն է, որ բոլորը միշտ ասում են, բայց լուրջ չեն հասկանում իրենց ասածն իսկ: Որ պետություն կառուցելու համար պետք է պետական լինի բաժանված՝ օրենսդիր, գործադիր, դատական իշխանության»: