Հակահայկական հիստերիայի թուլացման միտում չեմ տեսնում, Ալիևի իշխանությունը հետևողականորեն այդ ուղեգիծն է տանում. Արա Թադևոսյան

13:15 • 09.09.17

«Հայատյացության այդ մթնոլորտում ցանկացած նման հանդիպում ողջունելի է, չնայած շոշափելի արդյունքներ, չեմ կարծում, որ այս հանդիպումից արժե ակնկալել»: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման եթերում «Մեդիամաքս» լրատվական գործակալության տնօրեն Արա Թադևոսյանն այսպիսի հայտարարություն է արել՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպմանը:  

«Ցանկացած դեպքում, երբ կա հակամարտություն և կոնֆլիկտ, ու այդ կողմերի ներկայացուցիչները հանդիպում են, դա ավելի լավ է, քան եթե իսպառ բացակայեր կոնտակտը: Սակայն մեծ հույսեր փայփայել չարժե, որովհետև վստահ եմ, որ այս հանդիպումից հետո Ադրբեջանում այդ նույն հիստերիան կշարունակվի, ու չեմ բացառում, որ հոգևոր առաջնորդը ևս, վերադառնալով, որոշակի հայտարարություններ կանի հանդիպման մասին»,-ասել է Արա Թադևոսյանը:

Նա նշել է, որ հակահայկական հիստերիայի թուլացման որևէ միտում չի տեսնում, որովհետև, ըստ Արա Թադևոսյանի՝ այն պահից, երբ իշխանության եկավ Իլհամ Ալիևը, հետևողականորեն այդ կուրսը տարվում է և ավելի ու ավելի է սաստկանում:

«Որևէ համեմատություն չենք կարող անցկացնել այն տարիների հետ, երբ Հեյդար Ալիևն էր նախագահ, որովհետև այն ժամանակ կային տարբեր կոնտակտներ տարբեր հարթակներում, Իլհամ Ալիևի գալուց հետո շատ շուտ այդ ամենը դադարեցվեց»,-ասել է «Մեդիամաքս»-ի տնօրենը:

Նրա դիտարկմամբ՝ մեր հասարակությունը շատ ավելի տոլերանտ է, քան Ադրբեջանի հասարակությունը: Ադրբեջանում հոգևորականը չի կարող է հանրային տիրույթում խաղաղության կոչ անել, որովհետև կստանա «ազգի դավաճան» որակումը:

«Մի երկու տարի առաջ այն մի քանի հասարակական կազմակերպության ղեկավարները, որոնք փորձում էին հայերի հետ որոշակի կապ պահպանել, հենց այդպես էլ որակվեցին՝ ազգի դավաճան: Նրանց մի մասն աքսորվեց, մի մասը բանտերում հայտնվեց, մի մասն էլ ազգի դավաճան որակվեց: Ես կարծում եմ, որ Ադրբեջանում, քանի դեռ իշխում է այն վերնախավը, որն այսօր է, ցավոք սրտի, որևէ բան ակնկալել չենք կարող»,-պարզաբանել է Արա Թադևոսյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է ապրիլյան պատերազմից հետո հայ և ադրբեջանցի մտավորականների, հ/կ ներկայացուցիչների հանդիպում՝ «Մեդիամաքս»-ի տնօրենը պատասխանել է. «Կարծում եմ, որ հնարավոր է, եթե Ադրբեջանում որոշեն, որ կարելի է դա թույլ տալ: Հայաստանում որևէ խոչընդոտ և արգելք չկա դրան, սակայն այն պայմաններում, երբ Ադրբեջանում, ըստ էության, դա արգելված է, դժվար է ակնկալել նման բան: Նախկինում լինում էին բազմաթիվ հանդիպումներ, և դա տալիս էր այն արդյունքը, որ հայերը տեսնում էին ադրբեջանցիներին, նրանք՝ մեզ, հասկանում էին, որ շատ նման են իրար՝ որպես մարդիկ: Ցավալի է, որ այսօր չկա որևէ շփում, և Ադրբեջանում մեծանում է մի սերունդ, որը հայերի մասին գիտի միայն իրենց պաշտոնական քարոզչությունից,»,-ասել է Արա Թադևոսյանը: