Հայաստանի «բերանը, աչքերը, ականջները» Վրաստանում դեսպան Յուրի Վարդանյանն ու իր թիմն են, բայց նրանք թերացան. Հայկ Կիրակոսյան

19:40 • 09.09.17

Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների հակասական հայտարարությունների և հայ-վրացական հարաբերություններում առաջացած խնդրի պատասխանատուներից են նաև Հայաստանում Վրաստանի և Վրաստանում Հայաստանի դեսպանները: Tert.am-ի հետ զրույցում ասաց «PR–ի զարգացման հայկական կենտրոնի» նախագահ Հայկ Կիրակոսյանը:

Նշենք, որ Հայաստանը չմասնակցեց Վրաստանում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի վերջին զորավարժություններին: Վրաստանի Պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ Հայաստանը վերջին պահին հրաժարվել է մասնակցել դրանց: ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանի և Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի մակարդակով հայտարարվեց, որ Հայաստանը չէր հաստատել իր մասնակցությունն այդ զորավարժություններին, սակայն Վրաստանի ՊՆ-ն կրկին հերքեց պաշտոնական տեսակետը՝ նշելով, որ Հայաստանը հաստատել էր իր մասնակցությունը:

Հայկ Կիրակոսյանի կարծիքով, եթե Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանը փոքր-ինչ ակտիվ դիվանագիտական կեցվածք ցուցաբերեր, ապա կարող էր կանխել Վրաստանի ՊՆ հերքումը:

«Դեսպանի աշխատանքի թերացում կարող ենք արձանագրել, և այն սկսվում է ոչ թե ժամանակ առ ժամանակ իրենց մասին հիշեցնել տվող իրադարձություններից, այլ նրանից, որ Վրաստանում հայ համայնքի դիրքերը ամրապնդված չեն, նրանք չեն ազդում Վրաստանի իշխանությունների կողմից ընդունված որոշումների վրա: Դիվանագետի խնդիրը ո՞րն է՝ ունենալ համապատասխան օղակների հետ դիվանագիտական ու անձնական կապեր: Յուրի Վարդանյանը կարող էր վերցնել հեռախոսը, զանգել Վրաստանի պաշտպանության կամ արտաքին գործերի նախարարին ու ասեր, թե եկեք մի հատ սրճենք կամ զրուցենք, որպեսզի նման խնդիրների պարագայում հարցերն ավելի հեշտ լուծվեին»,- ասաց Հայկ Կիրակոսյանը:

Քաղտեխնոլոգի խոսքով՝ Հայաստանի «բերանը, աչքերը, ականջները» Վրաստանում դեսպան Յուրի Վարդանյանն ու իր թիմն են, որը սակայն չկարողացավ կամ չփորձեց լուծել հարցը:

«Յուրի Վարդանյանին հարգում ու պատվում ենք ազգովի որպես սպորտի լուրջ վարպետ, բայց նա ունի օգնականներ, թիմ, և եթե ինքը ինչ-որ հարցում թերանում է, ապա դա նաև իր թիմի, դեսպանատան աշխատակազմի թերացումն է, որովհետև նրան չեն ուղղորդել, չեն զգուշացրել, չեն տեղեկացրել»,- նկատեց նա:

Քաղտեխնոլոգը, միաժամանակ, ասաց, որ տեղի ունեցածը հայ-վրացական հարաբերություններում չի կարող լուրջ խնդիր դառնալ, որովհետև Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների վատթարացումը չի բխում ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Վրաստանի շահերից:

«Չեմ կարծում, թե Հայաստանն ու Վրաստանը տեղի ունեցածը մեծ խնդիր կդարձնեն: Հայաստանից, այո, հնչեցին կարծիքներ թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական հարթության մեջ, որ Հայաստանը չէր հաստատել իր մասնակցությունը Վրաստանում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի զորավարժություններին, և այո, Վրաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարեց, որ Հայաստանն իր մասնակցությունը հաստատել էր: Կարծում եմ, որ կողմերը տեղ են թողել ստեղծված իրավիճակը թյուրիմացության վրա բարդելու համար: Լավն այն է, որ ողբերգական հետևանքներ չեն եղել ու չեն լինի»,- ասաց նա:

Կիրակոսյանի խոսքով՝ չի բացառվում, որ երկու երկրների պաշտպանության նախարարություններն էլ իրավացի լինեն, և խնդիրը ժամանակագրական կամ փաստաթղթային անճշտություններից լինի: «Հակասական հայտարարությունները կարող են լինել միայն մամուլի խոսնակների մակարդակում, իսկ բարձր մակարդակներում կշարունակվի առողջ համագործակցությունը»,- նշեց Հայկ Կիրակոսյանը: