Մենք սկզբունքային, մեր ձեռագիրն ունեցող քաղաքական ուժ ենք. ՀՎԿ-ն քաղաքական դադարի մեջ է և խոստանում է ակտիվանալ

13:57 • 09.09.17

«Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց,  թե կուսակցության պասիվությունը պայմանավորված է քաղաքական դադարով: «Մենք որևէ խնդիր չունենք, ամեն ինչ նորմալ է, ուղղակի քաղաքական դադարի մեջ ենք, առաջիկայում դեռ կակտիվանանք, մեր տեսակետները կհայտնենք»,-ասաց նա և անհեթեթ համարեց այն դիտարկումները, թե ՀՎԿ-ն ճգնաժամի մեջ է: «Մեր կուսակցությունը երբ է ճգնաժամի մեջ եղել, որ հիմա լինի: Ճգնաժամի մեջ վատ կամեցողներն են ու խայտառակ ճգնաժամի մեջ, մեզ ի՞նչ է եղել, որ ճգնաժամի մեջ լինենք: Գյումրեցին կասեր՝ խելքին աշեցեք»,-ասաց նա:

Թե ինչքանով են օբյեկտիվ պատճառները՝ քաղաքական դադար վերցնելու համար,  Հովհաննես Մարգարյանը պատասխանեց, որ կուսակցությունը կա, ուղղակի ակտիվանալու որևէ պատճառ չկա, ուշադիր հետևում են քաղաքական անցուդարձին: «Կյանքը կանգ չի առել, ամեն ինչ նորմալ է, մենք մեր թիմակիցների, նվիրյալների հետ  շարունակում ենք գործել, ուղղակի հիմա որոշակի դադարի մեջ ենք, դե կապված արձակուրդի հետ, ամառ էր,  հիմա շուտով ավելի ակտիվ կլինենք»,-ասաց նա:

Իսկ հնարավո՞ր է ակտիվանան թեժ աշնան խոստումներով՝ Հովհաննես Մարգարյանը պատասխանեց. «Ինչ թեժ աշուն, ինչ թեժ գարուն, լավ էլի, հոգնել է էս ժողովուրդը էտ հնարքներից: Մենք երբեք որևէ բանից չենք խուսափում, կաշկանդված չենք եղել երբեք մեր որոշումների համար, մենք սկզբունքային, մեր ձեռագիրն ունեցող, կենսագրությունն ունեցող քաղաքական ուժ ենք եղել, կանք և կշարունակենք լինել»:

Հովհաննես Մարգարյանը հիշեցրեց,  որ ՀՎԿ-ն այն ուժն է, որ Գյումրի քաղաքում բավականին ձայներ է ստացել: «Մեզ մինչև հիմա էլ վստահում է ժողովուրդը, մինչև հիմա էլ ափսոսանք է հայտնում, որ այնտեղ կարևոր խոսափող պակասեց, բայց հիմա մեզ ի՞նչ է եղել»,-ասաց նա:

Իսկ թե ինչպես են այդ բացը լրացնելու առանց քաղաքական խոսափողի՝ պատասխանեց. «ժողովուրդն ամենալավ իմաստունն է, բոլորն էլ մեր աշխատանքը տեսել ու գնահատել են, և ես շնորհակալ եմ մեր ժողովրդին, որ գնահատեցին, ուղղակի  ունենք այն, ինչ ունենք, հիմա ինչ է պատահել, կյանքը հո չվերջացա՞վ, շարունակվում է, մենք մեր ասելիքն ասել ու ասելու ենք, մենք առանցքային  դերակատար ունեցող քաղաքական ուժ ենք, և այդպես էլ շարունակելու ենք»:

Ինչ վերաբերում է այն հրապարակումներին, թե Հայկական վերածնունդը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի, կուսակցության փոխնախագահը նշեց. «Բայց այսօր ֆինանսական խնդիր ով չունի, ի՞նչ է՝ դո՞ւ չունես, ամբողջ ազգն ունի ֆինանսական խնդիր, բայց մենք մեր չափով, մեր հնարավորությունն ունենք, մեր ֆինանսական միջոցներն ունենք, ի՞նչ է պատահել»: Իսկ պարտքերի մասին հրապարակումները նա որակեց հեքիաթներ: «Լավ էլի, էտ հեքիաթները ոչ մի կապ չունեն, պարապ են մնացել որոշ գրչակներ, ասել եմ, էլ չեմ էլ ուզում անդրադառնալ, հիմա  փորձում են մի թեմա գցեն»,-եզրափակեց նա: