Ձեր հարուստ ստեղծագործական կյանքը մեր ազգային մշակույթին նվիրվածության վառ տարեգրություն է. ՀՀ Նախագահը շնորհավորել է Ռաֆայել Քոթանջյանին

15:12 • 09.09.17

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Ռաֆայել Քոթանջյանին ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, անսպառ ուժ ու եռանդ և նորանոր ձեռքբերումներ:

 

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Դուք հայ թատրոնի նշանավոր դեմքերից եք, արվեստագետ, որի հարուստ և բովանդակալից ստեղծագործական կյանքը մեր ազգային մշակույթին նվիրվածության վառ տարեգրություն է: 

Ձեր տաղանդի և վարպետության շնորհիվ թատրոնում և կինոյում ստեղծել եք բազում կերպարներ, որոնք իրենց մեջ ներառում են արվեստագետ-մտավորականի աշխարհընկալումն ու գեղագիտական հմայքը, լի են կյանքի ու մարդկանց հանդեպ անսահման սիրով:

 

Այսօր էլ շարունակելով թատերարվեստին ծառայելու շնորհակալ ուղին՝ Ձեր հարուստ փորձն ու գիտելիքներն եք փոխանցում երիտասարդ արվեստագետներին, հայ թատրոնի և կինոյի ապագա դերասաններին»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում: