«Վե՛րջ, մենք ուղևորվում ենք». Սաակաշվիլին Լեհաստանից ուղևորվել է Ուկրաինա՝ «Կրակովեց» անցակետ

14:10 • 09.09.17

Ուկրաինական քաղաքացիությունից զրկված Վրաստանի նախկին նախագահ, Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Լեհաստանից ուղևորվում է Ուկրաինա՝ «Կրակովեց» անցակետ:


«Վե՛րջ, մենք ուղևորվում ենք Կրակովեց, Ուկրաինա»,-այսօր գրել է Սաակաշվիլին Facebook-ի իր էջում՝ ուղեկցելով այն լուսանկարով:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլին ասել է, որ Ուկրաինան և Վրաստանը համաձայնության են եկել իր հարցով:


«Մենք տեսնում ենք, որ կա Պյոտր Պորոշենկոյի և Բիձինա Իվանիշվիլիի պայմանավորվածություն: Նրանք շանտաժի են ենթարկում և վախեցնում են ինձ: Նրանք ասում են, որ եթե ես գամ Ուկրաինա, ապա մեղադրանքներով կհայտնվեմ բանտում, որոնք իրականում ոչ մեկ չի ընդունում»,- հայտարարել է Սաակաշվիլին Վարշավայում մամուլի ասուլիսի ժամանակ:


Օդեսայի նախկին նահանգապետը նշել է, որ Պորոշենկոն «որոշել է ազատվել քաղաքական հակառակորդից»:


«Ես ձեզանից չեմ վախենում: Ես ճիշտ եմ»,- հայտարարել է նա:


Օգոստոսի 31-ին Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է Ուկրաինա վերադառնալ սեպտեմբերի 10-ին: Նրա խոսքով՝ նա մտադիր է մտնել երկրի տարածք Լեհաստանի կողմից՝ «Կրակովեց» անցակետով: 


Հուլիսի 26-ին Ուկրաինայի միգրացիոն ծառայությունը հայտնել է, որ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին հրամանագիր է ստորագրել: Ինչպես նշել են Ուկրաինայի նախագահի աշխատակազմում, Վրաստանի նախկին նախագահը զրկվել է քաղաքացիությունից այն ստանալու ժամանակ կեղծ տվյալներ տրամադրելու պատճառով: Նա, մասնավորապես, նշել է, որ քննության տակ չի գտնվում ո՛չ Ուկրաինայում, ո՛չ որևէ այլ պետությունում, սակայն իրականում Սաակաշվիլին հեռակա կարգով կալանավորված է Վրաստանում:

 

 

Image may contain: 4 people, people smiling, selfie, outdoor, nature and closeup