Մենք չենք ուզում ո՛չ «Mersedec»-ների, ո՛չ էլ վիլլաների փողեր աշխատել, մենք հացի խնդիր ենք լուծում. Վերնիսաժին կից տարածքում արգելում են առևտուրը (տեսանյութ)
Շաբաթ և կիրակի օրերին ճենապակիներ և այլ իրեր վաճառող ավելի քան 100 առևտրական ստորագրահավաք է կազմակերպել և դիմում է ներկայացնելու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որպեսզի վերջինս փոխի իր որոշումն ու թույլ տա, որ նրանք Վերնիսաժին կից տարածքում առևտուր իրականացնեն:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց այդ տարածքում առևտրով զբաղվող քաղաքացի Հասմիկ Սարգսյանը:
«Առավոտյան եկել ենք աշխատանքի, քաղաքապետարանի աշխատակիցները տարածքում չեն թողնում առևտուր անել: Այսքան մարդ այստեղ աշխատում է միայն շաբաթ ու կիրակի օրերին: Ես ուզում եմ հասկանալ, թե ում ենք խանգարում: Եթե պետությունն այդքան հետաքրքրվում է տարածքի մաքրությամբ, ապա թող առաջինը մարդկանց տեղավորեն»,-ասաց Սարգսյանը:
Վերջինս հայտնեց, թե պատճառաբանում են, որ մայթը քաղաքացիների անցուդարձի համար է, այնինչ իրենք այսօր առևտուր չեն անում, իսկ մայթին էլ մեքենաներ են կայանված:
«Քաղաքապետարանը պատճառաբանում է, որ դա մեր տարածքը չէ, դա քաղաքապետարանինն է: Չենք կարողանում հացի փող աշխատել, ազատամարտիկի կին եմ, միթե...»,-ասաց Սարգսյանը:
Մեկ այլ քաղաքացի՝ Անուշ Սանոյանը, որն արդեն քսան տարի է այդ տարածքում առևտուր է անում, Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Երևանի քաղաքապետին խնդրում է , որ մարդասիրություն ցուցաբերի:
«Մենք ընտրեցինք քաղաքապետին, որ ինքը կարողանա ժողովրդի շահերը պաշտպանել։ Դե մինչև ընտրությունները թող չթողներ, ընտրությունները վերջացավ, տեղը պնդվեց, նոր...: Մենք չենք ուզում ոչ «BMW»-ների, ոչ «Mersedec»-ների , ոչ էլ վիլլաների փողեր աշխատել, չենք էլ կարող, մենք հացի խնդիր ենք լուծում, հանապազօրյա հացի: Երկու օր աշխատում ենք, որ մի շաբաթ հաց ուտենք, որովհետև 27000 դրամ թոշակով չեմ կարող ապրել»,-ասաց Սանոյանը:
Առևտրականները նաև հավելեցին, որ յուրաքանչյուր օրվա համար քաղաքապետարանին 1000 դրամ գումար են վճարել, իսկ այժմ մնացել են փողոցում:










