Համահայկական խորհուրդ ստեղծելը բարդ գործ է. սփյուռքահայերը՝ Հայաստան-սփյուռք համաժողովի մասին

15:12 • 10.09.17

Ֆրանսիայում «Արմենիա» միության նախագահ, ֆրանսահայ լրագրող-ծաղրանկարիչ Գրիգոր Ամիրզայանը ներկա է լինելու սեպտեմբերի 18-20-ը կայանալիք Հայաստան-սփյուռք համաժողովին: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ մեծ սպասումներ ունի համաժողովից:

«Առաջին հերթին ցանկանում եմ, որ Հայաստան-Սփյուռք կապերը համաժողովի շնորհիվ ամրանան: Նման համագումարներն առիթ են տեսակցելու, միմյանց հետ խոսելու, գաղափարներ փոխանցելու և հայկականությունը սփյուռքի 8 միլիոն և Հայաստանի 3 միլիոն հայերի մեջ ամրապնդելու համար»,- նշեց նա:

Ամիրզայանի խոսքով՝ համաժողովը հայապահպանությանն ուղղված մեծ ծրագիր է․ Սփյուռքը Հայաստանից սպասում է հայկական շունչ, իսկ Հայաստանն ու Արցախը՝ սփյուռքից զորակցություն են ակնկալում:


«Երկու հայկական պետություններն օժանդակություն են ակնկալում բանակին օժանդակելու, տնտեսությունը զբոսաշրջիկության միջոցով զարգացնելու հարցերում,- նշեց նա՝ մատնանշելով, որ համագումարի օրերին սփյուռքահայերը Հայաստան և Արցախ են գալիս որպես զբոսաշրջիկներ և այդպես իրենց նպաստն են բերում երկու երկրների տնտեսության զարգացմանը,- համագումարին ներկայացող բազմահազար սփյուռքահայերը՝ իրենց հետ բերում են նաև Եվրոպայի, ԱՄՆ-ի կամ էլ Արևելքի մշակույթները»:

Գրիգոր Ամիրզայանը՝ անդրադառնալով Հայաստան-Սփյուռք համաժողովին քննարկվելիք Համահայկական խորհրդի ձևավորման հարցին, նկատեց, որ լավ միտք է, սակայն հարց է առաջանում, թե ինչպես է ղեկավարվելու այդ խորհուրդը՝ հաշվի առնելով, որ սփյուռքը միաձև չէ:

«Կան բազմաթիվ համայնքներ, հազարավոր մտքեր և այդ ամենը մի խմբում, նույն խորհրդում միացնելը բարդ գործ է, չնայած իսկապես կարևոր է: Այսօր Ռուսաստանի, ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի հայերը նույն կերպ չեն մտածում: Նրանց մշակույթները մի քիչ տարբերվում են: Նրանց համախմբելը դժվար գործ է, իսկ մարդիկ, որոնք մաս պետք է կազմեն խորհրդին, արդյոք ճի՞շտ ներկայացուցիչներ են: Սփյուռքում շատ քիչ անգամներ է եղել, որ հայ ժողովրդի կողմից են ընտրվել նման ներկայացուցիչներ և ավելի շատ պարզապես անձեր են, քան ճիշտ ներկայացուցիչներ»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ այսօր սփյուռքյան կուսակցությունները կորցրել են իրենց ուժն ու ներկայացվածությունը: Ըստ նրա՝ միայն Հայ Հեղափոխական դաշնակցությունն է ինչ-որ առումով իր ազդեցությունը պահել, մյուս կուսակցություններն արդեն ուժ չունեն: «Այդ համահայկական խորհուրդը շատ դժվար է կազմել և ավելի դժվար է սփյուռքի ներկայացուցչությունների պատկերը ներկայացնելը: Ես վախենում եմ, որ սփյուռքի անձերն առավել շատ սփյուռքի անունից իրենք իրենց ավելի առաջ տանեն, բայց նրանք չներկայացնեն իրական սփյուռքը»,- նշեց նա:

Գրիգոր Ամիրզայանի կարծիքով, այնուամենայնիվ, Հայաստանն ու Արցախը այս պատերազմական տարիներին կարիք ունեն միաձայն սփյուռքի խոսքի, գործի և ներկայության: «Չմոռանանք, որ  Հայաստանն ու Արցախը պատերազմի մեջ են, իսկ սփյուռքն էլ իր հերթին պատերազմում է հայապահպանության համար»,- նշեց նա: 

Ամերիկահայ հրապարակագիր Վաչե Բրուտյանը Հայաստան-Սփյուռք 6֊րդ համաժողովին հրավիրված չէ: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ նախկինում երկու անգամ համաժողովների մասնակցել է:

«Երկու անգամներն էլ սպասումներս շատ չեն եղել, որովհետև հազար հոգանոց խորհրդաժողովները առավելապես կարող են մտքերի խթանման, փոխադարձ ճանաչողության և դրական մթնոլորտի հանգել, եթե անշուշտ մամուլը համապատասխան լրջությամբ դրան մոտենա»,- նշեց նա՝ հավելելով, որ այդ պատճառով է, որ հիմա էլ համաժողովից մեծ ակնկալիքներ չունի:

Խոսելով Համահայկական խորհրդի ձևավորման մասին՝ նա նշեց, որ զուտ սկզբունքային կամ գաղափարական հենքի վրա, նման խորհուրդը պետք է չորս հատկանիշներ բավարարի:

«Նախ՝ իբրև առաքելություն,  պետք է կարողանա մարմնավորել համահայկական համերաշխություն և համախոհություն հիմնական խնդիրների շուրջ: Հետո նույն այդ խորհուրդը ինքը պետք է ճշգրտի այն ներքին տրամաբանությունը, որի հիմքի վրա պետք է ճշտվեն  նաև համազգային առաջնահերթությունները: Երրորդ՝ այս խորհրդում կայացվելիք եզրակացությունները ձևով պետք է ուղեցույց դառնան թե՛ հայկական պետության, և թե հայկական սփյուռքի համար: Չորրորդ՝ սփյուռքի մասնակցությունը պետք է լինի համամասնական ընտրությունների միջոցով, իսկ պետականը՝ բարձրագույն մակարդակով (նախագահ, վարչապետ- Վ․ Բ․), իսկ եկեղեցիների (առաքելական, կաթողիկե և ավետարանական) դեպքում՝ իրենց բարձրագույն անձերով»,- ասաց նա:

Վաչե Բրուտյանի խոսքով՝ Հայաստան-Սփյուռք համաժողովը իր նշած խնդիրներին գործնական լուծում տալու ի վիճակի չէ, ըստ նրա՝ հասկանալի պատճառներով: «Սակայն այն կարող է այդ գործընթացի սկիզբը հայտարարել, որին կհետևեն հրապարակային, հանրային քննարկումները, որպեսզի նախ մտքերը բյուրեղանան և հասունանան և ապա՝ կարելի լինի ժողովրդային  իմաստով առավելագույն չափով լայն խարիսխ ստեղծել»,- նշեց նա: