Գիտնականները կյանքի հետքեր են հայտնաբերել Անտարկտիդայի սառույցների տակ

20:36 • 10.09.17

Ավստրալիայի ազգային համալսարանի գիտնականներն Անտարկտիդայի հրաբխային քարանձավներում ԴՆԹ-ի հետքեր են հայտնաբերել, որոնք կարող են պատկանել գիտությանն անհայտ կենդանիներին:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով հետազոտության արդյունքները, դա կարող է նշանակել, որ Անտարկտիդայի սառույցների ներքո կյանքը եռում է:

Գիտնականների խումբն ուսումնասիրություններ է կատարել Անտարկտիդայի Ռոսսի կղզում, որը մոլորակի ամենահարավային կղզիներից մեկն է և որտեղ գտնվում Էրեբուս գործող հրաբուխը: Այնտեղ նրանք հետազոտել են հսկայական և միմյանց հետ կապված ստորջրյա քարանձավային համակարգերը, որոնք ձևավորվել են հրաբխային գոլորշու ազդեցության տակ:

Փորձանմուշներ վերցնելով տարբեր քարանձավներից՝ գիտնականները մամուռի, ջրմուռների, կլոր որդերի և այլ կենդանի օրգանիզմների հետքեր են հայտնաբերել. ի դեպ նրանցից որոշները կարող են կենդանիների և բույսերի նոր տեսակներ լինել:


 

  

Գիտնականները կյանքի հետքեր են հայտնաբերել Անտարկտիդայի սառույցների տակ