Կառավարությունը՝ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, քաղաքական մեծամասնության հետ միասին մեկ քաղաքական թիմ է. Է. Շարմազանով (տեսանյութ)
ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ կառավարությունը լավ է աշխատում: Նա այսօր լրագրողների հետ նկատեց, որ ՀՀ-ում տնտեսական ակտիվության տեմպն արդեն 6 տոկոսից ավելի է:
«Կարծում եմ՝ դրական միտումներ ապահովում են, և ես կարող եմ ասել, որ կառավարությունը՝ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, քաղաքական մեծամասնության հետ միասին մեկ քաղաքական թիմ է», - ասաց Էդուարդ Շարմազանովը։
Վերջինս հավելեց, որ Կարեն Կարապետյանի ձևավորված կառավարությունն իրականացնում է խորհրդարանում հավանության արժանացած ծրագիր։ Նա համակարծիք չէ այն տեսակետի հետ, թե իրականում վարչապետի 1 տարվա կառավարումը շոշափելի արդյունքներ չի տվել. Շարմազանովը մատնացույց արեց՝ արտահանումը «շեշտակի» աճել է, տուրիզմի ոլորտում աճ է գրանցվել։
«Մենք տեսնում ենք այն դրական միտումները, որ կառավարությունն իրականացնում է, և մենք աջակցում ենք այդ կառավարությանը: Ոչ միայն աջակցում ենք, այլև մենք այդ կառավարության մասնիկն ենք, կառավարությունը մեր քաղաքական թիմի մի մասնիկն է»,-հավելեց Շարմազանովը:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ 2018 թվականի վարչապետի ՀՀԿ թեկնածուն լինի Նախագահ Սերժ Սարգսյանը, Շարմազանովը պատասխանեց, թե օրը կգա՝ բարին հետը և քննարկումներն այդ ժամանակ կլինեն: Միևնույն ժամանակ շեշտեց, որ խորհրդարանական կառավարման համակարգի վարչապետի գործառույթներում հիմնական տեղ են զբաղեցնելու ոչ միայն տնտեսական հարցերը, այլև անվտանգությունը և արտաքին քաղաքականությունը:










