Էրդողանը կոչ է արել իսլամական աշխարհին նորարարական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում սպառողից վերածվել արտադրողի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել իսլամական աշխարհին առավել ակտիվ լինել նորարարական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում և սպառողից վերածվել արտադրողի։ Այդ մասին նա ասել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում՝ Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում, գրում է t24.com.tr կայքը:
Էրդողանը բողոքել է, որ աշխարհի մահմեդականների շուրջ 55 տոկոսը մինչ օրս նույնիսկ տառաճանաչ չէ, ըստ նրա՝ իսլամական երկրները կրթական ոլորտում զարգացում չեն գրանցում այն պատճառով, որ իրենց «ամենափայլուն երիտասարդ ուղեղները» ծառայում են Արևմուտքին:
«Մեր ամենահաջողակ երեխաներին, ամենափայլուն ուղեղներին տալիս ենք արևմտյան կազմակերպությունների ու երկրների ձեռքը: Այսօր աշխարհում ուժի ամենամեծ աղբյուրը հանդիսացող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մենք սպառողի դերում ենք, ոչ թե արտադրողի: Սա մի շարք խնդիրներ է ծնում և հատկապես՝ մեր երկրների ազգային անվտանգության տեսանկյունից», - ասել է Էրդողանը:
Թուրքիայի ղեկավարը նաև շեշտել է, որ համացանցն այսօր շատ հաճախ օգտագործվում է «ոչ միայն որպես Իսլամի դեմ թշնամություն սերմանելու հարթակ, այլև ակտիվ կիրառվում է ահաբեկչական կառույցների կողմից՝ իրենց գաղափարները տարածելու համար»:










