Սերժ Սարգսյանի՝ վարչապետի թեկնածու դառնալու խոչընդոտողը պետք է լիներ ժողովուրդը, մինչդեռ ընտրություններին 50+1 ձայն է տվել ՀՀԿ-ին. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

11:18 • 11.09.17

Երբ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր որոշումը կընդունի, ՀՀ վարչապետի իր թեկնածուին կառաջարկի, այդ ժամանակ կասենք: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի հնարավոր թեկնածու լինելուն:  

Նա նկատեց, որ վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը տրված է ՀՀԿ-ին, քանի որ նրանցն է խորհրդարանական մեծամասնությունը: 

«Խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենք տարել են առավելագույն ձայներ՝ 50+1, այնպես որ որոշողն ու առաջարկողն իրենք են»,-ասաց նա: 

Պատասխանելով հարցին՝ 2018 թվականին տեսնո՞ւմ է իրեն վարչապետի պաշտոնում, Ծառուկյանն ասաց, թե իր տեսնել կամ չտեսնելը խնդիր չի լուծում:  

Դիտարկմանը՝ արդյո՞ք հնարավոր է, որ «Ծառուկյան դաշինքն» ընդվզի Սերժ Սարգսյանի թեկնածության դեմ, Գագիկ Ծառուկյանն արձագանքեց, որ խոչընդոտողը պետք է լիներ ժողովուրդը, մինչդեռ վերջինս դեռևս ընտրությունների ժամանակ 50+1 ձայն է տվել ՀՀԿ-ին, որով երկրի պատասխանատվությունը ստանձնել է ՀՀԿ-ն։ 

«Հավաքվում ու ասում էին՝ Ծառուկյան ջան, փրկիր- փրկիր, պատրաստ էի փրկել։ Ասում էի՝ ձեր ցավը տանեմ, տվեք 50+։ Ասել եմ խնդիրների ու պրոբլեմների լուծման ձևը, գումարի բերման աղբյուրը, ասում էին՝ Ծառուկյանը բլեֆ ա արել», - նշեց Ծառուկյանը: 

Դաշինքի ղեկավարն ընդգծեց, թե իրենք դեռ չեն քննարկել վարչապետի թեկնածուի հարցը: 

Վերջինս նաև խոսեց ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարման մասին և նշեց, թե ինքն իրենց հանդիպումների ժամանակ ամեն ինչ անկեղծ ասում է: 

«8 ամիս առաջ եմ ասել, որ Կարեն Կարապետյանն իմ ընկերն է, ինքը խոսք է տվել, ներկայացրել է իր ծրագիրը, աշխատում է անել: Ընկերոջ մասին կարծիք ասելը ես կոռեկտ չեմ համարում: Երբ մենք հանդիպում ենք, ես ասում եմ բացասականն էլ, դրականն էլ: Դրականից այսօր ասեմ, որ բանկի 25-30 տոկոսները դառել է 8 տոկոս, այսօր ՀՀ-ում տուրիստների քանակի աճը 25 տոկոսից ավելի է: Հիմա ինքը կասի իր մեկ տարվա աշխատանքի արդյունքները, մենք էլ կասենք համապատասխան մեր կարծիքը»,- նշեց Գագիկ Ծառուկյանը:

 

ՀեղինակԱնի Օհանյան