Հս. Կորեան խոստացել է ԱՄՆ-ին «մեծ ցավ ու տառապանք» պարգևել՝ ի պատասխան նոր պատժամիջոցների

10:42 • 11.09.17

Փհենյանը կարծում է, որ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցները և ճնշումը «չափազանց անխոհեմ փուլ» են մտնում, և նախազգուշացնում է, որ երկիրը պատրաստ է աննախադեպ քայլերի: Այդ մասին ասված է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ հայտարարությունում, որը հրապարակվել է Կենտրոնական հեռագրային գործակալության կայքում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


ԿԺԴՀ-ի կարծիքով՝ ԱՄՆ-ն մանիպուլացնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որպեսզի խստացնի Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ ջրածնային մարտագլխիկների փորձարկման պատճառով:


Երկրի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «գերհզոր ջերմամիջուկային զենքը» ստեղծվել է ԱՄՆ-ի կողմից աճող թշնամական գործողությունները զսպելու և Կորեական թերակղզում միջուկային պատերազմը կանխելու համար:


Փհենյանը նաև նշել է, որ ուշադիր հետևում է ԱՄՆ-ի գործողություններին և պատրաստ է պատասխան տալ:


«Ապագա քայլերը, որ կձեռնարկի ԿԺԴՀ-ն, Միացյալ Նահանգների համար այնպիսի մեծ ցավ ու տառապանք կբերեն, որոնց միջով նրանք չեն անցել իրենց պատմության ընթացքում»,- ասված է հաղորդագրությունում:


ԿԺԴՀ ԱԳՆ-ն հավելել է, որ «ամբողջական ոչնչացումից խուսափելու համար» ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Հյուսիսային Կորեայի հետ քաղաքական, տնտեսական և ռազմական առճակատումը:


Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները սեպտեմբերի 3-ին պաշտոնապես հայտարարել են միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համար նախատեսված ջրածնային ռումբի բարեհաջող փորձարկման մասին: Հզոր միջուկային փորձարկման հրամանը տվել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը: Հարավային Կորեայի պաշտպանական կոմիտեի փոխանցմամբ՝ պայթյունի ուժգնությունը եղել է 100 կիլոտոննա, ինչը բավական է մի ամբողջ քաղաք վերացնելու համար:


Վերջին մի քանի ամսվա ընթացքում Կորեական թերակղզու շուրջ ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել: Արևմուտքը Փհենյանից պահանջում է վերջ տալ միջուկային փորձարկումներին ու դադարեցնել միջուկային ծրագրի զարգացումը՝ սպառնալով հակառակ դեպքում ռազմական միջամտության դիմել: Մինչդեռ պաշտոնական Փհենյանն անտեսում է կոչերն ու իր հերթին սպառնում միջուկային զենքով ջախջախիչ հարված հասցնել ԱՄՆ-ին: