Ֆրանսիայում ոստիկանը սպանել է կնոջն ու երեխաներին ու ինքնասպան եղել
Ֆրանսիայում ոստիկանը սպանել է կնոջն ու երկու երեխաներին, այնուհետև ինքնասպան եղել: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ կիրակի առավոտյան ամուսինները լուրջ վիճաբանություն են ունեցել, ինչի հետևանքով ժանդարմները եկել են նրանց բնակարան: Դրանից հետո կինը վերցրել է երեխաներին և նրանց հետ գնացել կայարան՝ նրանց ուրիշ քաղաքում բնակվող բարեկամների մոտ տանելու համար: Տղամարդը հետևել է նրանց և փորձել համոզել միասին վերադառնալ Փարիզ, որտեղ նրանք ապրում էին:
Նուայոն քաղաքի դատախազ Վիրժինի Ժիրարի խոսքով՝ տղամարդը քաղաքի կայարանում կրակելով սպանել է կնոջը և երկու երեխաներին, երբ կինը հայտնել է նրանից բաժանվելու որոշման մասին:
Նշվում է, որ զույգը հինգ երեխա ուներ, և այժմ երեքը գտնվում են հարազատների խնամքի տակ:
Ավելի վաղ հաղորդվել էր երկու հարձակվողի մասին, սակայն պարզվել է, որ ոստիկանին ուղեկցող տղամարդը եղել է նրա հարևանը, որին վերջինս խնդրել է հետևել կնոջը և երեխաներին, որպեսզի նրանք չփախչեն:










