Դա վկայում է, որ Արցախի ժողովրդի ընտրած ինքնորոշման ուղին համարժեք է ընկալվում աշխարհում․Արցախի ԱԳՆ-ն՝ Միչիգանի կողմից Արցախի ճանաչման մասին
Արցախի ճանաչման շարունակվող գործընթացը վկայում է, որ Արցախի ժողովրդի կողմից ընտրված ինքնորոշման ուղին համարժեք կերպով է ընկալվում ու գնահատվում աշխարհում․ Tert.am-ի հարցմանը, թե ինչպես է մեկնաբանում Արցախը՝ ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Սենատի կողմից Արցախի ինքնորոշման իրավունքը սատարող բանաձևի ընդունումը, այսպես պատասխանեց Արցախի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը:
«Արցախի միջազգային ճանաչումն անշրջելի գործընթաց է և հետայսու ևս կմնա մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ Վստահ ենք, որ Արցախի ճանաչումը և ներգրավումը միջազգային գործընթացներին կապահովի հանրապետության քաղաքացիների կողմից իրենց իրավունքների և ազատությունների լիարժեք իրականացումը, ինչպես նաև՝ թույլ կտա կայունություն ու անվտանգություն պահպանել տարածաշրջանում»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենց երախտագիտությունն են հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս գործում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Միչիգան նահանգի Սենատը բանաձև է ընդունել, որով կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահին և Կոնգրեսին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչպես նաև՝ տնտեսական և մշակութային կապեր հաստատել Արցախի հետ և աջակցել խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում:










