Աշխատել շատ և թիրախավորված, հասկանալ քեզ ինչ է պետք և կրթվել. հայ լրագրության, բիզնեսի և երգարվեստի ոլորտի 3 հաջողակները ներկայացրին սեփական փորձը

16:51 • 30.09.17

«Step by Step with Successful People» (Քայլ առ քայլ հաջողակ մարդկանց հետ) թվով 4-րդ ֆորումի շրջանակներում 150-ից ավելի երիտասարդներ այս անգամ հանդիպեցին լրագրության, բիզնեսի և երգարվեստի բնագավառի 3 հաջողակների հետ: Ֆորումին իրենց փորձը ներկայացրին «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծառայության տնօրեն և «Նյումեգ» ամսագրի հիմնադիր Արտակ Ալեքսանյանը, հումորիստ, երգիչ Արամ MP3-ին և գործարար, «ԱրմԱս» ընկերության տնօրեն Վիկտորյա Ասլանյանը։

 

Ֆորումի հյուրերը վստահեցրին՝ հնարավոր է ցանկացած երազանք դարձնել իրականություն՝ լավ կրթության, աշխատասիրության, ժամանակի պահանջներն ու սեփական նախասիրությունները հաշվի առնելու շնորհիվ: 

 

Լրագրության ոլորտում մեծ փորձ ու գիտելիք ունեցող Արտակ Ալեքսանյանը խոստովանեց՝ երկար տարիներ չէր հասկանում` ինքն ի վերջո հաջողել է, թե՞ ոչ.

 

«Այն, ինչ անում էի, որոշումները, որ կայացնում էի, այն ընկերությունները, որ ստեղծում էի, պաշտոնները, որոնք զբաղեցնում էի, մտածում էի` դրանք ոչ թե իմ համար հաջողություն են, այլ տրամաբանական քայլ, հաջորդ քայլը, որ պետք է լինի: Ես դրանց նայում էի, որպես կարիքների և պարտականությունների հաջորդ հանգրվան»,- ասաց նա:

 

Արտակ Ալեքսանյանը նշեց`երբ արդեն 2011թ-ին Հ1-ի ամենամեծ արտադրական թիմն էին, հասկացան, որ Հ1-ը փոքր է իրենց համար և տեղափոխվեցին «Արմնյուզ», ապա` «Արմենիա» հեռուստաընկերություն:

 

«Ընդհանուր առմամբ, եթե եզրափակելու լինենք, թե ինչպես հաջողել  ժուռնալիստիկայում, ուղղակի ինչպես ասում էին Հ1-ում` շատ աշխատել, աշխատել թիրախավորված ու հասկանալ, թե քեզ ինչ է պետք: Ժուռնալիստիկան, ցավոք սրտի, հումանիտար ոլորտի և տեխնիկայի սահմանն է, մենք մինչև հիմա չգիտենք գրողի հատկություններով տեխնոկրա՞տ պետք է լինել, թե՞ պետք է լինել լավ, արագ նկարող, արագ փոխանցող»,- նկատեց Արտակ Ալեքսանյանը:

 

Խաղողի այգիների տիրուհի անունը ստացած «ԱրմԱս» ընկերության տնօրեն Վիկտորյա Ասլանյանը, ներկայացնելով իր հաջողության ճանապարհը, նշեց, որ հայրը իրեն վստահել է մի գործ, որն առաջ տանելու համար ինքը, լավ ուսում ստանալուց  բացի, այլ փորձ չուներ: Մինչդեռ, այսօր ըստ նրա՝ Հայաստանում որակյալ գինի արտադրող քիչ ընկերություններից են, որոնց արտադրանքը սպառում ունի աշխարհի շատ երկրներում:   

 

«Երբ հորս ասացի, որ սպասում է իր առաջին թոռնիկին՝ իմ տղային, ինքը մեկ ամիս անց տեղափոխվեց Հայաստան, Աշտարակում քարքարոտ տարածք գնեց և սկսեց հստակ աշխատել: Մենք մեկ տարի անց եկանք և տեսանք, թե ինչ է արել. իրոք ահռելի գործ էր գյուղատնտեսությունում: «ԱրմԱսը» ես համարում եմ իմ երրորդ երեխան, ում, իհարկե, ամենաշատը չեմ սիրում, բայց ամենաշատ ժամանակը դեռևս ինքն է խլում»,- ասաց նա:   

Վիկտորյա Ասլանյանը խոստովանեց՝ ինքն էլ հասցրել է հիասթափվելու առիթներ ունենալ՝ թե ինչպես կարող է 5 րոպեում  800 տոննա խաղողի բերք հավասարվել հողին, բայց կարողացել են սխալներից դասեր քաղել և առաջ շարժվել:

 

Հումորիստ, երգիչ Արամ MP3-ին կատակեց՝ հավանաբար այսօր ինքը Բաղրամյան փողոցի վրայի դեղատներից մեկում կաշխատեր, եթե մի օր չհասկանար, որ թեև ինքը ծնողների հորդորով բժշկական համալսարան է ընդունվել և սովորել, բայց տանել չի կարողանում քիմիան և դեղագետ դառնալ չի ուզում:   

 

«Ես սիրում էի նմանակել երգիչներին, աչքերս փակում էի և իմ առջև տեսնում էի դահլիճ՝ հանդիսատեսով լի, ես երգում էի: Առաջին անգամ բարձրացա բեմ և դա նման էր թմրանյութի, ես իջա ու հասկացա, որ ես էլի եմ ուզում դրանից, ինձ դուր եկավ ադրենալինի քանակությունը` նյարդային վիճակ, սրտիս առիթմիան»,-նշեց երգիչը:

 

Օրվա հերոսները պատասխանեցին նաև ուսանողներին հետաքրքրող հարցերին: Մասնավորապես, կրթության ոլորտի խնդիրների վերաբերյալ հարցին Արտակ Ալեքսանյանը հետևյալ կերպ պատասխանեց՝ կրթության որակը երկրի զարգացման թիվ մեկ խնդիրն է, որը վերելքի փոխարեն՝ հետևողական գահավիժում է:

 

Մանրամասները՝ տեսանյութում: