ՌԴ ՊՆ-ում Կիևին խորհուրդ են տվել հեռացնել Ուկրաինայի գլխավոր շտաբի ղեկավարին
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը խորհուրդ է տվել Կիևի իշխանություններին հեռացնել Ուկրաինայի գլխավոր շտաբի ղեկավար Վիկտոր Մուժենկոյին մասնագիտական ոչ համապատասխան որակների համար: Այդպես ռուս գեներալ-մայորը արձագանքել է Մուժենկոյի հայտարարությանն այն մասին, որ Մոսկվան Բելառուսից դուրս է հանել «Արևմուտք-2017» զորավարժություններին մասնակցող ոչ բոլոր զինծառայողներին, հայտնում է interfax.ru-ն:
«Ինչ վերաբերում է «Արևմուտք-2017» համատեղ զորավարժություններին մասնակցող ռուսական զորքերին, բոլորը վերադարձել են մշտական տեղակայման կետեր»,- ընդգծել է Կոնաշենկովը: Նրա խոսքերով՝ Բելառուսում «թաքցրած» ռուս զորքերի մասին Ուկրաինայի գլխավոր շտաբի ղեկավարի հայտարարությունները ցույց են տալիս, որ նա չի համապատասխանում իր պաշտոնին:
«Սեփական երկրի մայրաքաղաքից հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա օպերատիվ իրավիճակին բացարձակ չտիրապետելը և այնտեղ գտնվող զորքերի քանակի մասին երևակայությունները առիթ են Գլխավոր շտաբի նման ղեկավարին անհապաղ հեռացնելու համար»,- նշել է Կոնաշենկովը:
Ավելի վաղ Մուժենկոն Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը զորավարժություններից հետո Բելառուսում է թողել իր զորքերը: Նրա խոսքերով՝ Մոսկվան նվազեցրել է Բելառուս ուղարկված զինծառայողների նախնական թիվը և երկրից հանել է նրանց միայն փոքր մասը:










