ԼՂ այցելած Թուրքիայի 4 քաղաքացիների նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել. Ադրբեջանի գլխավոր դատախազ

13:57 • 30.09.17

Լեռնային Ղարաբաղ այցելած Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը, գրում է ԱՊԱ գործակալությունը:


Նա հայտնել է, որ Թուրքիայի քաղաքացիներն այցելել են Լեռնային Ղարաբաղ՝ «դրանով ցույց տալով, որ չեն հարգում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Այդ առնչությամբ Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել:


«Այդ անձանց գործողությունները չեն արտացոլում թուրքական պետության դիրքորոշումը: Նրանք նախկինում էլ հայտնի էին իրենց հայամետ դիրքորոշմամբ: Այդ անձինք աջակցություն են հայտնել PKK ահաբեկչական կազմակերպությանը, քարոզել են անկախ քրդական պետության ստեղծումը: Նրանց թվում կա նախկին պատգամավոր, գրող և հեռուստահաղորդավար»,- ասել է Գարալովը:


Ադրբեջանցի պաշտոնյան ասել է, որ Լեռնային Ղարաբաղ այցելած անձանց նկատմամբ կհարուցվեն քրեական գործեր, և նրանց նկատմամբ հետախուզում կանցկացվի բոլոր երկրներում:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է թուրք մտավորականների այցն Արցախ:  Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուսեյն Մուֆթուօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի 4 քաղաքացիների այցը Լեռնային Ղարաբաղ չի համաձայնեցվել պետական մարմինների հետ։  


Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը նաև նշել է, որ երկրի քաղաքացիների այցն Արցախ «չի արտացոլում երկրի պաշտոնական քաղաքականությունը»։


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին Հայաստանի տարածքով Արցախ այցելած թուրք մտավորականները մեղադրվում են «Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի կերպով հատելու համար»: Նրանց հանդեպ հայտարարվել է միջազգային հետախուզում: Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Այդըն Հուսեյնովը մեղադրել է Արցախ այցելած Թուրքիայի քաղաքացիներին դավաճանության համար ու հայտնել, որ ըստ իրեն՝ Թուրքիան կարճ ժամանակահատվածում կարտահանձնի նրանց Բաքվին: