«Աղոթեցինք Աստծուն, որ մեր քաղաքն օրհնության ներքո պահի». Գյումրին տոնում է քաղաքի օրը

14:19 • 01.10.17

Գյումրեցիներն այսօր վերլուծում են քաղաքի անցյալն ու նայում ապագային: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը`խոսելով Գյումրիում քաղաքի տոնի առթիվ տիրող մթնոլորտի մասին։

«Առավոտյան պատարագ արեցինք, աղոթեցինք Աստծուն, որ մեր քաղաքն օրհնության ներքո պահի: Հավասարապես ուրախանում ենք բոլորի հետ, մասնակցում բոլոր տոնակատարություններին: Քաղաքի ուրախություններով ուրախանում ենք, տխրությամբ` տխրում»,- նշեց Շիրակի թեմի առաջնորդը։

Հարցին`քանի տարեկան դարձավ Գյումրին, եպիսկոպոս Աջապահյանը պատասխանեց. «Աստված գիտի, քաղաքը շատ մեծ է: Այդպես հստակ թվական չկա Էջմիածնի և Երևանի նման: Այնքան ծեր է, որ չենք կարողանում հաշվել»,- գյումրեցուն բնորոշ հումորով նշեց նա:

Հիշեցնենք, որ այսօր` հոկտեմբերի 1-ին, Գյումրին տոնում է քաղաքի օրը: Այս տարի «Իմ հին ու նոր Գյումրին» կարգախոսի ներքո հանրապետության երկրորդ քաղաքում անցկացվում են մի շարք միջոցառումներ, որոնց մասնակցելու համար Գյումրի կայցելի նաև Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը:

Քաղաքի օրը նախատեսված է Գյումրու Մանկապատանեկան արվեստի պալատի շենքի, ինչպես նաև Աբովյան փողոցի մի հատվածը բացման արարողությունը: Նորոգումից հետո այսօր կվերաբացվի նաև Բավրայի մաքսակետը:

«Գյումրու օրը» տոնակատարության շրջանակում անցկացվում են նաև «Երեխաներ և գույներ» մանկական միջոցառումը, «Արհեստների փառատոնը», «Հացի փառատոնը» և  ռետրո մեքենաների ցուցադրություն ու փողային նվագախմբի ելույթը՝ կենտրոնական հրապարակում: Քաղաք օրը կավարտվի տոնական համերգով և հրավառությամբ:

 Նշենք, որ միջոցառումների անցկացման համար ծախսվել է 8 մլն դրամ: