Հայաստանի բժշկական կրթությունը ներկայացված է շուրջ 40 երկրում, որտեղ հաջողությամբ աշխատում է ԵՊԲՀ-ի 8000 շրջանավարտ. Արմեն Մուրադյան
20-րդ դարի երկրորդ կեսից ամբողջ աշխարհում կրթությունը, մասնավորապես՝ բարձրագույն կրթությունը ձևավորեց աշխարհաքաղաքական, մակրոտնտեսական մի դաշտ, որը ոչ միայն այդ երկրի տնտեսական դաշտում իր մեծ դերակատարումն ունի, այլ տարբեր ոլորտներում: Այս մասին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանն ասել է «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման եթերում:
«Խոսքը վերաբերում է առանձնահատուկ բժշկական կրթությանը, որը բացառիկ է թե՛ իր պատասխանատվության, թե՛ արհեստավարժության, թե՛ իր պատրաստվածության չափաբաժնով: Մեր երկրում բժշկական կրթությունը միշտ ունեցել է նաև սոցիալական դերակատարում, և Բժշկական համալսարանն իր դերակատարումով առանձնահատուկ է եղել»,- ասել է Արմեն Մուրադյանը:
Ամփոփելով վերջին տասնամյակները՝ Բժշկական համալսարանի ռեկտորն ասել է, որ Հայաստանի բժշկական կրթությունը ներկայացված է շուրջ 40 երկրում, որտեղ հաջողությամբ աշխատում է ԵՊԲՀ-ի 8000 շրջանավարտ: «Մասնավորապես՝ Կալիֆոռնիայում միայն 500 ուսանող ունենք, արդեն մեծաքանակ շրջանավարտներ ունենք Մոսկվայում, Մալթայում, Կանադայում, Ավստրիայում, Գերմանիայում, Հնդկաստանում: Իհարկե, սա մեծ հարստություն է, որովհետև բուհը ճանաչվում է աշխարհում և աշխարհում ներկայանալի է դառնում երկիրն՝ իր շրջանավարտներով, բարձրագույն կրթություն ստացածներով»:
Ըստ առողջապահության նախկին նախարարի՝ 30-40-ականներին ոչ միայն Հայաստանում, ամբողջ աշխարհում առաջատար դիրքերում էր ավելի շատ ինժեներական, ֆիզիկայի հետ կապված կրթական ծրագրերը, 50-ականներին, երբ պարզ էր, որ հեղաշրջման հասնող բժշկությունն աշխարհով մեկ տարածվում է, այդ թվում՝ նաև Խորհրդային միությունում, և 20-րդ դարի երկրորդ կեսին մարդու կյանքի տևողությունը գրեթե երկու անգամ երկարեց, նոր տեխնոլոգիաներ ի հայտ եղան:
«Վերջնակետը տեսնելով՝ ոգևորվում էին ոչ միայն դիմորդները, այլ նաև ծնողները, որ ցանկանում էին, որ երեխաներն ավելի ազնվաբարո, ավելի մարդասեր, ավելի բարեկիրթ աշխատանքով զբաղվեն: Մեր երկրում բժիշկը միշտ շատ բարձր գնահատականի է արժանացել ժողովրդի կողմից, սա հաստատ կարող եմ ասել: Կարծում եմ՝ այսօր էլ բժշկական կրթությունը համարվում է լավագույններից՝ բարձրագույն կրթության համակարգում»,-վստահեցրել է Արմեն Մուրադյանը:
Մրցակցության մասին խոսելիս՝ նա հիշեցրել է, որ Միացյալ Նահանգներում շրջանավարտը գիտի, որ իր աշխատավարձային ստարտափը կարող է օրինակ՝ նյարդավիրաբույժինը, սկսել 40-50 հազար դոլարից, հենց առաջին աշխատավարձը: Սա, Բժշկական համալսարանի ռեկտորի կարծիքով՝ ոգևորում է նյութական դաշտում: Հասկանալի է, թե ինչու է ամբողջ աշխարհում բժիշկական կրթությունն այդքան պահանջված և բարձր գնահատված:










