ԵԽԽՎ նախագահի 2 թեկնածուներից հայաստանյան պատվիրակությունը հավանաբար կպաշտպանի կիպրոսցի Ստելլա Կիրիակիդեսի թեկնածությունը. Ա. Հովհաննիսյան

17:51 • 08.10.17

«Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընթացակարգի կանոններին համապատասխան՝ Ստրասբուրգում հոկտեմբերի 9-ին գաղտնի քվեարկությամբ կընտրվի  ԵԽԽՎ նախագահ: ԵԺԿ-ից առաջադրված ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հրաժարականից հետո այդ պաշտոնում է առաջադրվել 2 թեկնածու՝ Ստելլա Կիրիակիդեսը՝ Կիպրոսից և Էմանուելիսա Զինգերիսան՝ Լիտվայից։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Արփինե Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ հայկական պատվիրակությունը, ամենայն հավանականությամբ, կպաշտպանի Կիպրոսը ներկայացնող Ստելլա Կիրիակիդեսի թեկնածությունը:

«Բնականաբար, քվեարկությունից  առաջ կգումարվի պատվիրակության նիստ, որոշում կկայացվի, բայց, հաշվի առնելով երկու պատվիրակների միջև նախապատվությունը, իրենց անցած ուղին խորհրդարանական վեհաժողովում և ամենակարևորը`անկաշառության հանգամանքը, կարծում եմ, ամենայն հավանականությամբ, մեր պատվիրակությունը կպաշտպանի կիպրոսցի թեկնածու Ստելլա Կիրիակիդեսի թեկնածությունը»,-ասաց նա:


Հիշեցնենք, որ ԵԺԿ-ից առաջադրված ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտն իր հրաժարականի մասին հայտնել էր Twitter-յան էջում` գրառում թողնելով և հայտնելով, որ անձնական պատճառներով որոշել է այլևս չնախագահել ԵԽԽՎ–ում:

Նշենք, որ ըստ հայաստանյան պատվիրակների և քաղաքագետների՝ Ագրամունտին, որի իմփիչմենթի գործընթացը դեռ ամռանն էր սկսվել, խորհուրդ էին տվել խուսափել նվաստացման վերջին արարից, որն Ագրամունտին սպասում էր հոկտեմբերի 9-ին`ԵԽԽՎ լիագումար նիստի բացման ժամանակ: Նիստի օրակարգի առաջին հարցը Ագրամունտի հրաժարականի քվեարկությունը պետք է լիներ:

Հիշեցնենք նաև, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը պաշտոնապես հաստատել է Պեդրո Ագրամունտի հրաժարականը։  Նախագահի պարտականություններն ավտոմատ իրականացնելու է ավագ փոխնախագահ բրիտանացի Ռոջեր Գեյլը: